Հիշողության թարմացում՝ Անդրանիկ Քոչարյանի համար
Մայիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, նրա խոսքով, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
«Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»,- եզրափակել է Ա. Քոչարյանը:
ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը բանակի խնդիրները այս տարբերակով լուծելու հորդոր էլի էր արել: Անցած տարի նա իրենց ընդդիմախոսներին խորհուրդ էր տվել գնալ և խրամատ փորել:
Անդրանիկ Քոչարյանին հիշեցնենք, որ այս գործը, թերևս, վատ չեն անում ՔՊ-ականները: 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 14-ին, ՔՊ կամավորական ջոկատը մեկնել է Արցախ, ասում են՝ զբաղված են եղել հենց խրամատ փորելով, ինչը համարել են քառօրյա պատերազմին մասնակցություն և այդպես էլ գրել իրենց կենսագրականներում:
Բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանն ինքն էլ 2018-ին հայտարարել էր, որ 2016-ին որպես կամավոր Մարտակերտ է մեկնել և իբր «մարտական ծառայություն իրականացրել Արցախի Ճանկաթաղ գյուղի հատվածում:
«Եվ 2016 թվականին, երբ անհրաժեշտություն էր առաջացել, մենք մեր կուսակցությունում կամավորական ջոկատ ենք կազմել, որը, մինչև կամավորական ջոկատներին հետ կանչելու վերջին օրը, մարտական ծառայություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ճանկաթաղ գյուղի հատվածում: Այդ ժամանակ եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, և այդ կարգավիճակն ինձ չի խանգարել ավտոմատ կրել, խրամատ փորել և կանգնել պաշտպանության դիրքերում»,- 2018-ի մայիսի 1-ին ԱԺ-ում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Մի կողմ թողնենք, որ ՔՊ ջոկատն Արցախ է մեկնել քառօրյայից, անգամ՝ մինչև ապրիլի վերջ տևած ադրբեջանական սադրանքներից և դիվերսիոն հարձակումներից հետո, բայց պետք է փաստենք, որ այդ ժամանակ Ճանկաթաղն առաջնագծից գտնվում էր մոտ 15 կմ հեռավորության վրա: Այլ հարց է, որ ինչպես yerkir.am–ի հետ զրույցում պատմել էին ճանկաթաղցիները, 44-օրյա պատերազմից հետո գյուղը վերստին հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ: Բայց, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ ջոկատը հիմա Ճանկաթաղում և հարակից տարածքներում մարտական ծառայություն չեն իրականացնի, ինչը չի արել նաև 44-օրյայի ընթացքում, այդ թվում՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատը: Տան նկուղը խրամատ չէ:
Վերադառնալով Անդրանիկ Քոչարյանին, նշենք, որ 2020-ին, երբ դեռ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, իսկ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել էր նրա դեմ «աղմկել», պարզվեց՝ պատճառն այն է, որ նախարարությունը մերժել էր որդուն բանակից ազատելու՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստանում. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պետք է զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու այնտեղ գտնվելն անվտանգ չէ, և պետք է չեղարկել նրա Արցախում ծառայությունը և այն կազմակերպել երևանամերձ զորամասերից մեկում:
Ավելի ուշ մամուլում խիստ հավաստի տեղեկություններ եղան, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, 44-օրյա պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել-տարել են այլ տեղ, որպեսզի անվտանգ լինի: Որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Միայն Անդրանիկ Քոչարյանի տղային են տեղափոխել այլ՝ ապահով վայր, և նրա տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:
168.am-ը պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վաղարշակ Հարությունյանի անունով:
Պաշտպանական գերատեսչությունը մեկ ամիս հետո պատասխան-գրություն էր ուղարկել, որում նշվում էր.
«Ի պատասխան 17.03.2021թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ հայտնում ենք, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Անդրանիկի Քոչարյանը, 11.01.2020-ին ՊՆ 55076 ուսումնական զորամասից տեղափոխվել է ՊԲ 39138 զորամաս՝ հետագա ծառայությունը շարունակելու համար: Վ. Քոչարյանը զորամասի 1-ին մարտկոցի կազմում մասնակցել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողություններին: Վ.Քոչարյանը մարտկոցի անձնակազմի հետ զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 26.11.2020-ին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Ա. Բաղդասարյանի կողմից Վ. Քոչարյանին ՊԲ 39138 զորամասից այլ վայր տեղափոխելու տեղեկությանը՝ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը»,- ասված էր պատասխան-նամակի մեջ:
168.am-ը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել էր իր մտերիմ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը, և նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պատերազմից հետո շատ հանգիստ տեղում էր շարունակել ծառայությունը՝ Վանաձորում: Այս տեղեկությունը ՊՆ-ն հաստատել էր.
«Վազգեն Քոչարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 15.01.2021թ-ի թիվ 4/ԱԿԳՎ. հրամանով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է ՀՀ ՊՆ 81151 զորամաս»:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ իր որդին «անցել է պատերազմի ամենաթեժ կետից՝ 17 օր Ֆիզուլի և Շուշիով ավարտել է»:
168.am-ին հասած տեղեկություններով, սակայն, պատերազմի վերջին շաբաթը նրա որդուն՝ Վազգեն Քոչարյանին վիրավորված լինելու պատրվակով տեղափոխել են Երևան և հոսպիտալ պառկեցրել:
Տեղեկացնենք, որ Արցախում Վազգեն Քոչարյանը ծառայել է Ասկերանի շրջանի Հայկազով տեղամասի հրետանային զորամասում, որը համարվում է էլիտար զորամաս:
Պակաս ուշագրավ չէ Անդրանիկ Քոչարյանի ավագ որդու՝ Լևոն Քոչարյանի պատմությունը, որը մի քանի անգամ տարկետում է ստացել:
Այս համատեքստում չանտեսելով Ոստիկանության, ԱԱԾ մարդկային ռեսուրսները և այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է բազմիցս հայտարարել, որ ԶՈՒ-երից, զինվորականներից դիրքապահությունը և սահմանի պաշտպանությունը վերցվելու է և տրվելու սահմանապահ զորքերին:
Այնպես որ՝ Անդրանիկ Քոչարյանը լավ կանի այս հորդորն ուղղի «լավ պատրաստված» կարմիրբերետավորներին և մյուս ուժայիններին, որոնք զբաղված են բացառապես Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ և պահպանությամբ: