Քննիչ հանձնաժողովին անլուրջ են վերաբերվում. հանձնարարականները մնացել են անկատար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գնում է. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձեւավորվելուց հետո ասես տեղում դոփում են:

Քիչ չէ, որ հանձնաժողովի անդամներից որոշներն արդեն հասցրել են լքել այն (Սամվել Բաբայանը), դեռ մի բան էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պետական (հիմնականում ուժային) գերատեսչությունների ղեկավարներն անլուրջ են վերաբերվում ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշատական հաձնաժողովի նախագահի ու ՔՊ-ական անդամների ցուցումներին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու այլ կառույցներն ասես հարեւանցի կամ անլուրջ են ընկալել ՔՊ-ականների ցուցումները ու պատերազմի հետ կապված փաստաթղթերն առ այսօր՝ հանձնաժողովի ձեւավորումից 4 ամիս անց, հանձնաժողովի նախագահությանը չեն տրամադրել:

«Անդրանիկ Քոչարյանի հրահանգին միայն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է ականջալուր եղել ու 1000 էջի հասնող տրցակ տրամադրել»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ ասելով, որ եթե պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվություն չտրամադրելու միտում նկատվի, ապա այդ գերատեսչությունների նկատմամբ վարչական կամ կարգապահական ներգործություն կկիրառվի։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահության հանձնարարականներին անլուրջ վերաբերվողներին, ապա նրանց առնվազն աշխատանքից ազատում է սպասվում. «Եթե որեւէ գերատեսչության ղեկավար կա, որ անլուրջ է վերաբերվում 44-օրյա պատերազմի հանգամանքերի բացահայտմանը, ապա, ինչ ասեմ, խոսքեր չկան: Եթե լինեն այդպիսի ղեկավարներ, ապա նրանք նվազագույնն այդ գերատեսչությունում չեն աշխատելու»:

Տեսանյութեր

Լրահոս