Շնորհակալությո՛ւն, ՈստիՍպանություն
Մայիսի 2-ին Երևանի փողոցներում բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների դեմ ոստիկանության, ոստիկանության համազգեստով անհասկանալի ծագման տարրերի կողմից կիրառվեց բիրտ ուժ, իսկ տեսանյութերից մեկը, որում սև համազգեստավորը սադիստի նման հարվածում էր տղամարդուն, ցնցեց համացանցը։
Խանջյան փողոցում, անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանները քաղաքացուն գցել էին գետնին, նրանցից մեկը ոտքերով հարվածել էր՝ կոտրելով կողոսկրը, իսկ մյուսը ծունկը դրել էր գլխին, որից հետո հարվածների տարափի տակ նա բերման էր ենթարկվել Ոստիկանության բաժին:
Մայիսի 2-ին, Ոստիկանությունն իր գործողություններով փոխեց իր անվանումը, այլևս ավելի համարժեք է այդ կառույցը կոչել ՈստիՍպանություն, որովհետև այսպես շարունակելու դեպքում նրա ներկայացուցիչները կարող են ուղղակի սպանել քաղաքացիներին։
Բայց զարհուրելին ոչ միայն ոստիկանության առանձին ներկայացուցիչների գազանությունն է, այլ դրանից էքստազի մեջ հայտնված իշխանության ներկայացուցիչների հրճվանքը։ Նրանք ֆլեշմոբ են սկսել՝ «Շնորհակալություն Ոստիկանություն» պայմանական անվանումով, որով երախտագիտություն են հայտնում իրավապահ մարմիններին հասարակական կարգը պահպանելու համար։ Նրանց հիացմունքը սադիզմի նկատմամբ զզվելի լինելով հանդերձ՝ կարող է հետագայում քննության առարկա դառնալ ոչ միայն քրեական գործերի շրջանակներում, այլ նաև մարդու շեղված հոգեբանությունն ուսումնասիրող գիտնականների կողմից։
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները, որոնք իրենց պատռում են «վստահության մանդատի» մասին հայտարարություններով, լեգիտիմության տոկոսների մեջբերումներով, իրականում մնացել են բացառապես ոստիկանների, իրավապահ մարմինների հույսին։ Նրանք բնազդաբար զգում են, որ եթե մի պահ ոստիկանությունը դադարի իրենց գազանաբար պաշտպանել քաղաքացիներից, կարող են կորցնել ոչ միայն իշխանությունը։ Դրա համար ՔՊ-ականները պատրաստ են նույնիսկ իրենց սեռային պատկանելությունը կասկածի տակ դնող տոնայնությամբ Ոստկանությանը դիմել «կյանքով»՝ ցույց տալու համար, թե որքան են շոյված սադիստների աքացիներից։ Նրանցից մեկը ոստիկաններին հենց այդ բառապաշարով էլ դիմել էր՝ «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»:
Ոստիկանության համակարգում, բնականաբար, կան բազմաթիվ ազնիվ, պրոֆեսիոնալ կադրեր։ Բայց ամենայն հարգանքով նրանց հանդեպ, պետք է խոստովանել, որ այսօր այդ կառույցի դեմքը ոչ թե այդպիսի որակներ ունեցողներն են, այլ իրենց վայրենի հակումներն ի ցույց դնողները, որոնք ոստիկանությունը վերածում են ՈստիՍպանության։ Ահա այդ ազնիվ ոստիկաններն այսօր պետք է կամ փրկեն իրենց մասնագիտությունն ու համբավն այս խարանից, կամ համալրեն ոստիսպանների շարքերը։
Իսկ ընդդիմությունը պետք է դադարի լինել երեսպաշտ, ինչի համար արդարացիորեն մեղադրում է շատերին։ Ամեն անգամ «Ոստիկանը մերն է» վանկարկելիս՝ պետք է հիշել մայիսի 2-ի սադիստի դեպքն ու դեմքը և իրերը կոչել իրենց անուններով։ Դրանով են նաև տեղի ունենում իրական փոփոխությունները։
Հարություն Ավետիսյան