«Փակե՛նք թեման»․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փակե՛նք թեման․․․

Հասկանանք, վերջապես…

Մեր հայրենիքը շատ ծանր հիվանդ է, պետությունը՝ մահամերձ:
Հայրենիքի տերը (հիվանդատերը) ժողովուրդն է՝ մենք բոլորս։

Մահամերձ հիվանդի բարեկամներն ու հարազատները (հիվանդատերերը) երբեք և ոչ մի դեպքում առաջնային չեն համարում բժշկի անձի նկատմամբ իրենց վերաբերմունքը, առավել ևս՝ նրա մասին տարածված բամբասանքն ու հերյուրանքը:

Սրտացավ և ուղեղ ունեցող հիվանդատերերն ամեն ինչ մի կողմ են թողնում, և բացառապես կարևորում են մահամերձ հիվանդին նման իրավիճակից դուրս բերելու բժշկի հմտությունն ու փորձառությունը, պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը, սառնասրտությունն ու գործին նվիրվածությունը։

Վերջ, ուրիշ ոչինչ…

Ինչի հետ է կապված նման անդրադարձը։

Դեղնած լրատուների մատուցած «սննդից» տռզած ուղեղներից ինչ-որ մրթմրթոց է լսվում՝

«Թող ուրիշ (նոր, ջահել, անհայտ, և այլն) մարդիկ լինեն, իսկ փորձառուները՝ խորհուրդներ տան…»։

Լո՞ւրջ են ասում…

Իսկ ծանր հիվա՞նդը, իսկ մահամերձ պետությո՞ւնը։

Իսկ եթե «հիվանդը» մահանա, այնժամ ինչ են ասելու՝ «Սխալ խորհուրդներ են տվե՞լ…» :

Հասկանո՞ւմ են՝ ինչի հետ գործ ունեն, թե՞ սրա-նրա պաթոսախեղդ բառակույտից ձևավորված սին համակրանքն առավել է, քան հարազատի կյանքը։

Ուզել-չուզելով հնմաշ նորերին բերեցին ու ձախողեցին` չեն խրատվե՞լ…

Պատկերացում ունե՞ն՝ ինչ է նշանակում պետության կառավարում, այն էլ այս աշխարհում և այս վիճակում, թե հենց այնպես կրկին օդ են տատանում։

Այսպիսի տհասությունների ձեռքը կրակն է ընկել մեր ժողովուրդը։

Բավակա՛ն է, պետք է վերջ տալ նման մոտեցումներին։

Հ.Գ. Պետությունը փորձադաշտ չէ։
Պետությունը կորպորացիա չէ»։

Տեսանյութեր

Լրահոս