«Մեզ պետք է հայրենիքը սիրող մարդ, որի մտքով մոլագար միտք չի առաջանում՝ Հայաստանի տարածքը կտոր-կտոր հանձնել Ադրբեջանին»․ Գեղամ Նազարյան
Տավուշի մարզի Իջևան քաղաքից ժամը 11։00-ին մեկնարկել է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների երթը դեպի մայրաքաղաք Երևան։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երթի մեկնարկի վայրը պատահական չեն ընտրել, քանի որ այսօվա իշխանություններն ուզում են այդ տարածքը հանձնել թշնամի Ադրբեջանին։
«Քիչ այն կողմ թումբը, որ երևում է, այսօրվա վարչախմբի ղեկավարը երազում է՝ հանձնի, նվիրի Ադրբեջանին։ Չգիտես ինչու, իր մոտ այդպիսի սևեռուն միտք է առաջացել, որ այդ տարածքը ինքը պետք է հանձնի Ադրբեջանին։ Այս տարածքը հանձնելուց հետո մենք կտրվելու ենք, լավագույն դեպքում թույլտվություն ենք ստանալու դեպի Շամշադին, Նոյեմբերյան և Վրաստան գնալ բացառապես ադրբեջանցի զինվորի բարի կամքի դեպքում։ Դրա համար մենք մեր երթը սկսում ենք այստեղից, որպեսզի մեկ անգամ ևս շեշտենք Տավուշ աշխարհի նշանակությունը, այս վայրի նշանակությունը․․․
Եթե մենք թույլ տանք, որ այս վարչախումբը շարունակի ղեկավարել Հայաստանը, ապա Հայաստան, որպես այդպիսին, էլ չի լինելու»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները լուծելու բանալին մեկն է՝ այս վարչախմբի և նրա ղեկավարի հեռացումը․
«Այս խնդիրները լուծելու համար մեզ պետք է այս երկիրը սիրող, հայրենիքը սիրող մարդ, որը կղեկավարի երկիրը, իշխանության խումբ, որի մտքով նման մոլագար մտքեր չի առաջանում՝ վերցնի Հայաստանի տարածքը՝ կտոր-կտոր հանձնի Ադրբեջանին»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Սաղաթելյանը նաև հայտնել էր, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն նաև Հայաստանի այլ մարզերից․
«Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ #զարթնիրլաո»»։