Յոհաննես Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնե» վոկալ շարքը հեքիաթային աշխարհ կտանի հանդիսատեսին
Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան հերթական անակնկալը կմատուցի արվեստասերներին: Ապրիլի 21-ին ստուդիայի բեմ կբարձրանա գերմանացի ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի «Գեղեցկուհի Մագելոնե» վոկալ շարքը՝ բեմադրված տարբերակով:
«Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել գլխավոր փորձին և զրուցել համերգի երաժշտական ղեկավար, դաշնակահար Շուշան Հունանյանի, ռեժիսորը Լիգիա Վարդանյանի հետ:
Հունանյանը «Գեղեցկուհի Մագելոնեն» համարում է Բրամսի ամենաբարդ ու հետաքրքիր ստեղծագործություններից մեկը վոկալ և դաշնամուրային նվագակցության առումով: Ըստ նրա՝ բարդությունն է պատճառը, որ քչերն են անդրադառնում այդ գործին:
Երաժիշտն աշխատում է Դյուսելդորֆի Ռոբերտ Շումանի անվան կոնսերվատորիայում, որտեղ համագործակցում է երգչուհի Յուլիանա Բանզեի հետ: Բանզեի կատարմամբ ունկնդրելով Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճանապարհը» գործի բեմադրված տարբերակը՝ շատ է ոգևորվել: Արդյունքում Շուշան Հունանյանն աշխատել է ուսանողների հետ ու կատարել այն, իսկ հետո որոշել է անդրադառնալ Բրամսին: Նախագիծը հաջողության է հասել Գերմանիայում և հաջորդ տարի ևս կբեմադրվի:
«Հասմիկ Պապյանն առաջարկեց այն անպայման բեմադրել նաև Հայաստանում: Ինչպես ասացի, ստեղծագործությունը բարդ էր և ուսանողների համար ոչ այնքան մատչելի: Կարծեցինք՝ հետաքրքիր կլինի, եթե երգերը բաժանենք մի քանի ուսանողի միջև: Այդպես ուսանողը ծանոթանում է ամբողջ ստեղծագործությանը և նույնիսկ այն երգերը, որոնք անձամբ չի երգում, այնքան է լսում, որ հոգուն են հասնում»,-նշեց երաժիշտը:
«Գեղեցկուհի Մագելոնե»-ի հիմքում ֆրանսիական միջնադարյան հեքիաթն է՝ սիրավեպը, որը 15-րդ դարում ֆրանսերենից գերմաներեն է թարգմանվել, հետո Լյուդվիգ Յոհան Թիքը վերամշակել է այն: Բրամսը, իր գրադարանում տեսնելով Թիքի գիրքը, որոշում է բովանդակության հիման վրա ստեղծագործություն գրել, որն ավարտում է տասը տարվա ընթացքում: «Առաջին վեց երգը շատ կարճ ժամանակահատվածում է գրել, հետո ընդմիջել է, որովհետև այդ ընթացքում ծնվել են «Գերմանական ռեքվիեմը», կամերային երաժշտությունը և այլն»,-պատմեց դաշնակահարը:
Ռեժիսոր Լիգիա Վարդանյանն էլ բեմադրությունն անելիս փորձել է գտնել լուծումներ, որոնք հնարավորություն կտան բեմում հեքիաթային մթնոլորտ ստանալ, որը հանդիսատեսին այլ աշխարհ կտեղափոխի: «Յուրաքանչյուր համարից առաջ ու հետո երաժշտասերը կտեսնի բոլորովին այլ աշխարհ, մեր արտիստները, որոնք ներկայացման սկզբում ասես թանգարանի արձաններ լինեն, ամեն կատարումից հետո կանցնեն կերպարանափոխությունների, վերածնության միջով»,-նշեց նա ու հավելեց՝ ներկայացման վերջում, երբ հերոսները վերագտնում են իրար, ամեն բան գունազարդվում է, ու կտավն ամբողջանում է:
«Գեղեցկուհի Մագելոնե»-ի մենակատարներն են սոպրանո Դիանա Գալստյանը, տենոր Արամո Մամիկոնյանը, մեցցո-սոպրանո Սառա Հակոբյանը, բարիտոն Ակսել Դավեյանը, կոնցերտմայստերը Կատարինե Հովսեթյանն է, օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարը Հասմիկ Պապյանն է: