Բաժիններ՝

Կենդանաբանական այգին գիտական գծով փոխտնօրենի մրցույթ է հայտարարել

«Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվել է Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր նոր պաշտոնակատար, ում հետ կայացավ կառավարման խորհրդի հերթական նիստը»,- Երևանի ավագանու ապրիլի 19-ին կայացած նիստի ժամանակ  հայտարարեց ավագանու անդամ Արման Անտոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ նիստի օրակարգում են եղել բազմաթիվ հարցեր՝ առաջնային լուծում պահանջող խնդիրների՝  այգու կառուցվածքի փոփոխության, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման և այլ հարցեր:

«Ի դեպ, այգու նոր հաստիքացուցակը ներկայացվել է հաստատման Երևանի քաղաքապետին: Ըստ նոր կառուցվածքի՝ այգին պետք է ունենա երկու փոխտնօրեն՝ մեկը՝ գիտական գծով: Որպես Երևանի կենդանաբանական այգու  կառավարման խորհրդի անդամ՝ շատ եմ կարևորում գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, թե ով պետք է  զբաղեցնի այգու մասնագիտական հարցերով հաստիքը: Շուտով կհայտարարվի մրցույթ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով  փոխտնօրենի թափուր հաստիքի համար: ՀՀ լավագույն մասնագետները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեսլականն ու զարգացման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ընտրել լավագույն թեկնածուին»,- նշեց ավագանու անդամը:

Երևանի Կենդանաբանական այգուց 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտարարվել է մրցույթ, դիմում ներկայացնող անձը պետք է ունենա առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ՝ կենդանիների խնամքի և կենդանաբանության կամ կենդանաբուծության, կենդանաբուժության ոլորտում:

Առնվազն մագիստրոսական կամ դրան հավասարեցված մասնագիտական բարձրագույն կրթություն՝ կենսաբանություն, կենսաբուժություն, կենդանաբուծության և դրանց հարակից ոլորտներում: Գերադասելի է՝ դիմորդն ունենա գիտական աստիճան՝ նշված ոլորտներից մեկով: Կարևորվում է այն, որ գիտական գծով փոխտնօրենը պետք է սեր և կարեկցանք ունենա կենդանիների նկատմամբ:

Դիմումները պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 30-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 7-ին:

Մանրամասները՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս