«Ինչքան ուզում ես՝ պայքարի, միևնույն է, տվյալ ընդերքօգտագործողը, որը կարող է լինել խիստ անբարեխիղճ, օրենքի ուժով կստանա իր գործունեության ժամկետների երկարացում». Ֆլեշմոբ՝ ընդդեմ նոր օրինագծի
Քաղաքացիական հասարակությունը սկսել է իրականացնել «Ասա՛ ոչ «Ընդերքի մասին հակասահմանադրական օրինագծին» ֆլեշմոբ, որով կոչ է անում դեմ արտահայտվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծին:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը 168.amm-ի հետ զրույցում ասաց, որ օրինագիծն իր մեջ խնդրահարույց կետեր է պարունակում և ամենախնդրահարույցներից է այն, որ քաղաքացիական անհնազանդությունը դասակարգվել է ֆորսմաժորային իրավիճակների ցանկում, որը կարող է խոչընդոտել ընդերքօգտագործողի գործունեությանը:
«Ըստ այդմ, այն անբարեխիղճ ընդերքօգտագործողները, որոնց դեմ կարող են լինել ակցիաներ՝ բնապահպանական, սոցիալական, անվտանգային, առողջապահական խնդիրներ հարուցելու, իրենց պարտավորությունները չկատարելու համար, քաղաքացիական անհանզանդության արդյունքում, եթե, օրինակ, այդ ընկերությանը խոչընդոտել են աշխատել 50 օր, ապա օրենքի ուժով տվյալ ընկերությունը նույն ժամանակահատվածով կստանա իր գործունեության իրավունքի երկարացում:
Նշեմ, որ քաղաքացիական անհանզանդությունների տակ հենց նկատի ունեն քաղաքացիական ակցիաները, ինչպես դա նշվել է ԱԺ-ում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի զեկուցմամբ:
Այսինքն, Կառավարությունը հենց անհնազանդության տակ նկատի ունի քաղաքացիական ակցիաները, որոնք դրսևորովում են այս կամ այն քաղաքականության դեմ: Ամենազավեշտալին այն է, որ եթե օրենքն ընդունվի, 4 տարվա հետադարձ ուժ ունի:
Պայքարը դարձնում են անարդյունավետ. այսինքն, ինչքան ուզում ես՝ պայքարի, միևնույն է, տվյալ ընդերքօգտագործողը, որը կարող է լինել խիստ անբարեխիղճ, միևնույն է, օրենքի ուժով կստանա իր գործունեության ժամկետների երկարացում, իսկ քաղաքացիական պայքարը դառնում է անիմաստ և անարդյունավետ: Դրա համար օրինագիծը որակել ենք հակասահմանադրական: Ավելի քան 40 կազմակերպություն դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, որպեսզի չներկայացվի Աժ օրակարգ, սակայն դիմումներն անպատասխան են մնացել:
Ակնկալում ենք, որ մինչև երկրորդ ընթերցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կկազմակերպի, որպեսզի լինի կոնսենսուս: Քաղաքացիական անհնազանդություն որակումը իր ենթամտքերով և անորոշությամբ չպետք է մտնի օրենքի մեջ»,- մանրամասնեց Օլեգ Դուրգարյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն էլ նշեց, թե «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով:
«Ի թիվս մի շարք պատճառների, այդ թվում՝ պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որը, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման։ Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվելու են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման իրավունք ստացած ընդերքօգտագործողների վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում»,- ասաց նա։
Վ.Բուռնազյանը շեշտեց՝ վիճահարույց է օրենքում քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը որպես անհաղթահարելի ուժ դիտարկելը:
«Տարիների փորձը ցույց է տվել, որ ընդերքօգտագործման ծրագրերի դեմ քաղաքացիական անհնազանդությունն ուղղված է եղել հանուն մարդու առողջության, առողջ շրջակա միջավայրի իրավունքների պահպանման, հանուն տեղի բնակիչների կենսապայմանների պաշտպանության:
Բողոքի ակցիաները եղել են ու կան հանքարդյունաբերական ծրագրերի վերաբերյալ դիրքորոշման արտահայտման ձև: Եթե ազդակիր համայնքը դեմ է տվյալ ծրագրին, ապա իր իրավունքը պաշտպանում է նաև քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, քանի որ տեսել է, որ իր ձայնը բիզնեսի և կառավարության համար լսելի չի եղել որոշումների ընդունման գործընթացում:
Օրենսդրական այս փոփոխությունը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ, որ անգամ բնակչության բողոքի ակցիաներին, մարդկանց բողոքի ձայնին ականջալուր չեն լինելու, և անիմաստ է լինելու սեփական իրավունքների համար պայքարելը: Թեպետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը հայտարարել է, որ օրենքում մեկնաբանվել է, թե ինչն են դիտարկում քաղաքացիական անհնազանդություն, սակայն, ո՛չ www.e-draft.am կայքում, ո՛չ www.e-gov.am կայքում, ո՛չ ԱԺ կայքում հրապարակված չէ օրինագծի լրամշակված տարբերակը, որ տեսնենք այդ մեկնաբանությունը և գնահատական տանք:
Մեր կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունն առաջին հերթին առնչվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին:
Այս հանքի շինարարությունը դադարեցվեց 2018թ., երբ տեղի բնակչությունը փակեց հանքի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները Գնդեվազ գյուղի խմելու ջրի աղտոտումից հետո և պահանջեց չեղարկել այս ծրագիրը: Հանքի շահագործման դեմ ուղղված երկար ու դժվարին պայքարը Ամուլսարի պահապանները դադարեցրեցին 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ առաջնահերթ համարելով հայրենիքի պաշտպանությունը: Նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ:
Նրանցից ոմանք ընկան ռազմի դաշտում: Հակասահմանադրական է սույն օրինագծի՝ հետադարձ ուժ ունենալու դրույթը, քանի որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Օրենսդրական այս փոփոխությունը կխախտի անձի իրավունքները։ Կստացվի, որ հանրային շահը, իրավունքները կստորադասվեն բիզնեսի համար ներդրումային վիճակը բարելավելուն»,- ընդգծեց Վիկտորյա Բուռնազյանը՝ հավելելով, որ խնդրահարույց է նաև այն, որ օրինագծի համաձայն՝ փոփոխված ժամանակացույցով նախագծերը կամ երկրաբանական ուսումնասիրության ծրագրերը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չեն լինելու:
«Այն հակասության մեջ է մտնում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հետ, որի 20-րդ հոդվածի 7-րդ կետում նշված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում»: Բացի այդ, եթե ընդերքօգտագործումը, օրինակ, երկարատև դադարից հետո վերսկսի առանց նոր փորձաքննության, ապա այս դեպքում հաշվի չեն առնվի այդ ժամանակահատվածում առաջ եկած նոր էկոլոգիական գործոնները կամ հանգամանքները:
Մենք լիահույս ենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մինչև օրինագծի երկրորդ ընթերցումն այն կքննարկի քաղհասարակության ներկայացուցիչների հետ, և օրինագիծը կլրամշակվի և ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը: