Թուրքիան ձգտում է Արևմուտքի հետ հարաբերություններում իբրև թե կարգավորման օրակարգերով հասնել վստահության. վերլուծաբան
«Թուրքիայի գլխավոր պահանջը՝ ԵՄ անդամակցության, այս փուլում ևս աննկատ մնաց ԵՄ-ի համար, կարելի է ասել՝ անտեսվեց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի վերջին ամսվա արտաքին քաղաքական շեշտադրումներին ու հայ-թուրքական նորմալացման գործընթացի խնդիրներին:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին, Երևան-Բաքու բրյուսելյան հանդիպմանը և այլ հարցերի: Չավուշօղլուն բացահայտել էր հայ-թուրքական հատուկ բանագնացների բանակցային երրորդ ռաունդի վայրը՝ նշելով, որ հանդիպումը, ինչպես նախորդը, կկայանա Վիեննայում:
Նա նաև նշել էր, թե գիտակցում է, որ Հայաստանը ճնշման տակ է, քանի որ սա ամենևին հեշտ գործընթաց չէ: Նաև հասկանում են, որ հայկական սփյուռքի մի մասը, հատկապես՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համայնքները, չեն աջակցում այս գործընթացին, ապա շարունակել է. «Բայց հիմա արդյո՞ք երրորդ երկրում հանդիպելու կարիք կա»:
Չավուշօղլուն ընդգծել էր, որ իր խոսքերը չպետք է ընկալել՝ որպես մեղադրանք:
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է մի փոքր համարձակ լինի, քանի որ, եթե Թուրքիայում հանդիպում չեն կարողանում անցկացնել, ապա մյուս հարցերում ինչպե՞ս պետք է քայլեր անեն:
Նա նաև հայտնել էր, որ իրենք անգամ առաջարկել են սկզբում Երևանում հանդիպել, բայց հայկական կողմը չի համաձայնել՝ պնդելով երրորդ երկրում հանդիպելու վրա: Չավուշօղլուն նաև կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները, խոսել Խաղաղության համաձայնագրից, ձևավորվելիք սահմանազատման հանձնաժողովից, կրկին շեշտելով թուրք-ադրբեջանական անընդհատ շարունակվող շփումներն այս թեմայով:
Չենգիզ Աքթարն ասաց, որ Էրդողանի կառավարությունը կարողանում է ուկրաինական պատերազմից աշխարհաքաղաքական որոշակի «օգուտներ» ստանալ, լինելով Ռուսաստանի հետ կապ ունեցող, միևնույն ժամանակ՝ Արևմուտքի հետ համագործակցող երկիր, և դիրքավորվելով՝ որպես ռուս-ուկրաինական դեռևս չհաջողվող բանակցություններում գլխավոր միջնորդ:
Նրա որակմամբ՝ Թուրքիայի իշխանությունները բոլոր հնարավոր եղանակներով այս գործընթացում ձգտեցին որպես միջնորդ հասնել իրենց տեղին ու կարողացան:
«Թե որքանո՞վ է հեռանկարային այս ամենը՝ շատ բարդ է ասել, քանի որ Ուկրաինայում տեղի ունեցողը, կողմերի դիրքորոշումները չափազանց բարդ են, կարծր, սակայն Թուրքիան փորձում է մեծացնել իր կշիռն Արևմուտքի համար, որից բարձրանում է նաև Թուրքիայի նկատմամբ, այսպես ասած, վստահության մակարդակը, կամ Արևմուտքն այլ ելք չունի: Ընդհանուր առմամբ Թուրքիա-Արևմուտք վստահությունը լրջորեն խաթարված է ներքաղաքականության, ՌԴ-ի հանդեպ քաղաքականության՝ ռուսամետության, ինչպես նաև՝ հարևանության գոտիներում ապակայունացնող քաղաքականության պատճառով:
Թուրքիայի գլխավոր պահանջը՝ ԵՄ անդամակցության, աննկատ մնաց ԵՄ-ի համար այս փուլում ևս, կարելի է ասել՝ անտեսվեց, քանի որ ԵՄ-ն Թուրքիային չի դիտարկում իրապես՝ որպես կայունացնող գործոն: Հիշեցնեմ Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ ուղղված ԵՄ-ին, թե հարկավոր է, որ Թուրքիայի վրա ևս հարձակվեն, որ ԵՄ անդամակցության հայտը դիտարկվի: Սակայն Թուրքիան ձգտում է ստեղծել այդ վստահությունը նաև տարածաշրջանում, իբրև թե կարգավորման օրակարգերով ազդեցության լայն գոտիներ ստեղծելով»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ միայն մակերեսից են այդ գործողությունները կարգավորում թվում:
Իրականում, նրա որակմամբ, ինչպես իր իշխանության ողջ շրջանում, Էրդողանը ձգտում է ազդեցության Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, Արևմուտքում:
«Դա արվում է՝ փորձելով Թուրքիային դիրքավորել՝ որպես անփոխարինելի խաղացող: Իրավիճակային առումով դա գուցե ինչ-որ փուլերում հաջողվի, բայց Թուրքիայի ներկայիս իշխանությունը կորցրել է վստահությունն աշխարհում ու երբեք չի լինի Արևմուտքի համար այն գործընկերը, որը կարող էր լինել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ նա նշեց, որ այս գործընթացը Թուրքիայի ձեռքում ևս մեկ գործիք է Արևմուտքի աչքում նոր իմիջ ձևավորելու համար:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա գործընթացը, ինչ խնդիրներ ի հայտ կգան, դեռ անորոշ է և կախված է նաև աշխարհաքաղաքական իրավիճակից: Թուրքիայի իշխանությունները ցանկանում են հարաբերություններում դուրս գալ երկկողմ մակարդակի, որտեղ իրենց համար իրավիճակը շատ ավելի կառավարելի կլինի, քան միջնորդական հարթակներում հանդիպումների ընթացքում»,- ասաց նա: