«Հայաստանի հետ իմ միակ կապը ողջ սրտով է». հանրահայտ երգիչ Գարուն՝ իր արմատների մասին
Հանրահայտ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որն աշխարհում ավելի հանրահայտ դարձավ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը կատարելուց հետո, ապրիլի 21-ին և 22-ին մենահամերգով հանդես է գալու Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Շատ ուրախ եմ՝ լինել այստեղ: Ավելի քան 10 տարի է անցել Հայաստան կատարած նախորդ այցից, ողջ թիմը ոգևորված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարուն:
Ծրագիրը, որ ներկայացնելու են Երևանում՝ փոփոխված է, երգերի որոշակի մշակումներ են եղել:
Երգիչը միանգամից անդրադարձավ իր հայկական արմատներ ունենալու մասին խոսակցություններին:
«Իմ անունը Պիեռ է, ազգանունս՝ Գարու, ոչ Գարանյան: Հայաստանի հետ իմ միակ կապը դա ողջ սրտով է: Դեռևս չենք պարզել այն արյունակցական կապը, որի մասին խոսվում է: Ցավոք, այն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց երգիչը:
Լրագրողներից մեկի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք հերքում «Վիկիպեդիայի» տվյալները, երգիչը հորդորեց ոչ միշտ հավատալ «Վիկիպեդիային»:
Դիտարկմանը՝ հանրության լայն շրջանակներ երգչին ճանաչեցին «Նոտր Դամ դը Պաղի» մյուզիքլում Քվազիմոդոյի դերը խաղալուց հետո, երբևէ հոգևոր կապ զգացե՞լ է կերպարի հետ, Գարուն պատասխանեց, որ, երբ իրեն առաջարկել են այս դերը՝ իր բնավորության հակապատկերն էր: Ինքը շփվող էր, ուրախ, բայց պետք է խաղար մի դեր, որի հերոսը սիրո և ուշադրության կարիք ունի, մարդիկ խուսափում են նրանից:
Երգիչը խոստովանեց՝ այդ դերն իր վրա ամեն դեպքում մեծ ազդեցություն է ունեցել:
Նշենք, որ համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:
Գարուն Հայաստանում ելույթ է ունեցել նաև 2009 թվականին: Լրագրողների հետ զրույցում երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում համերգով հանդես գալը: Պատմել է նաև, որ հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստանի պատմության թանգարան, սակայն իր վրա հատկապես տպավորություն է թողել Խոր Վիրապ եկեղեցին: