«Մենք պետք է իրականությունն իմանանք. մտքով, սրտով մեր հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած մարդկանց հետ եմ». Արցախի թեմի առաջնորդ

Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ մարդիկ մտահոգ են Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակով և ճիգեր են գործադրում իրականությունն իմանալու համար։

«Եթե այդ իրականությունը դառը պիտի լինի կամ քաղցր, կամ փրկագործության հավասար, մարդն ուզում է իմանալ։ Եթե չի կարողանում օրինական ճանապարհով այդ տեղեկատվությունը ստանալ, պետք է դիմի նման քայլի։ Մարդն ուզում է, որովհետև ինքը հայրենասեր է, ազգասեր է, չի ուզում կորցնել այն ամենը, ինչը հայկական է։ Սա նրա պետությունն է, չկորցնելու համար՝ նա դուրս է գալիս մի ուրիշ ձևաչափի պայքարի։

Ասում են՝ բոլոր պայքարներն էլ ընդունելի են, եթե դրա մեջ կա ճշմարտություն և հայրենասիրություն։ Իսկ եթե կան ուրիշ ճանապարհներ, ավելի կառուցողական, և մարդիկ պետք է գիտակցեն, հասկանան, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքի, ապագայի հետ, կարող է տանը նստեն ու այլևս դուրս չգան։

Բայց քանի որ այդ ճանապարհները չկան, մարդիկ ստիպված դուրս են գալիս ոչ թե զուտ դուրս գալու համար, այլ դուրս են գալիս, որպեսզի իրենց անվտանգության հետ կապված հարցերն իմանան, թե ինչ է տեղի ունենում։ Բոլորն էլ այսօր մտահոգ են, կա՞ մեկն այսօր, որ մտահոգ չլինի իր հայրենիքով, ապագայով։ Մենք պետք է իրականությունն իմանանք, մեզանից որևէ բան թաքցնել չի կարելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդը։

Ըստ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Սուրբ գրքում էլ ասվում է, որ ծածուկ բան չկա, որը հայտնի չդառնա, հետևաբար՝ հարց է առաջնում՝ որքա՞ն կարելի է  մարդկանցից թաքցնել ճշմարտությունը։

«Եթե այլ ձևաչափ չկա, ես ողջունում եմ այդ ձևաչափը, թող իրականությունը հայտնի լինի բոլորին և թող մեր հայրենիքի անվտանգությունը, նրա ֆիզիկական և հոգևոր անվտանգությունը բոլորիս համար հասանելի լինի։ Մենք վերջապես այս երկրում ենք ապրում և պետք է իմանանք ամեն ինչ։

Ես մտքով, սրտով մեր հայրենիքի փրկության համար պայքարի դուրս եկած մարդկանց հետ եմ»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս