«Էներգետիկ առումով Հայաստանը կարող է հայտնվել Թուրքիայից կախվածության մեջ». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի գնահատմամբ՝ Հայաստանում էներգետիկ համակարգի ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չկա էներգետիկ զարգացման երկարաժամկետ ռազմավարություն։

«Ճիշտ է, ընդունվեցին առանձին փաստաթղթեր, ծրագրեր, բայց ըստ էության դրանք առավելապես խարսխված են ընթացիկ իրավիճակային լուծումներին։ Մենք առ այսօր չունենք մեր էներգետիկ անվտանգության ապահովման մոդելը։

Եթե խոսենք ավելի կիրառական մակարդակում, ապա շատ լուրջ խնդիր էր այս տարվա փետրվարին Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը, կարծում եմ՝ սա ժամանակավրեպ որոշում էր, քանի որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ լարվածությունը մեր տարածաշրջանում իր ուղիղ անդրադարձն է ունենում էներգետիկ շուկաների վրա, Հայաստանն ունենալով ավելցուկային էլեկտրաէներգետիկ հզորություններ՝ պետք է առավելապես գնար արտահանման ուղղությունը զարգացնելու ճանապարհով։ Բայց այսօր ազատականացումը, որն իրականացվում է մեր շուկայում, մեզ տանում է ճիշտ հակառակ ուղղությամբ։ Փաստորեն 6 ընկերությունները, որոնք ստացել են համապատասխան լիցենզիաներն էլեկտրաէներգիա մատակարարելու համար, այսօր արդեն հնարավորություն են ստանում դրսից՝ արտաքին շուկաներից ավելի ցածր արժեքով էլեկտրաէներգիա ներկրելու, դրանով իսկ Հայաստանին դարձնելով էլեկտրաէներգիա ներկրող պետություն, ինչն ուղղակիորեն հակասում է Հայաստանի էներգետիկ շահին»,- Ազատության հրապարակում 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր Հայաստանն ու Արցախը, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմից հետո, էներգետիկ ի՞նչ խնդիրների ու վտանգների առջև են կանգնած։

Ինչ վերաբերում է այս նույն համատեքստում՝ հայ-թուրքական հարաբերությունների  հաստատման օրակարգին, ապա, ըստ Վահե Դավթյանի, վերջին շրջանում շատ են շրջանառվող խոսակցությունները, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման պարագայում հնարավորություն կստեղծվի Հայաստանի համար դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Հղում են կատարում 2009-2010 թվականներին Անկարայի և Երևանի միջև կնքված համապատասխան պայմանագրերին՝ չհասկանալով, որ այն ժամանակ և այսօր լիովին տարբեր իրավիճակներ են, և եթե այն ժամանակ Թուրքիան ուներ շատ լուրջ էլեկտրաէներգիայի պակասորդ, այժմ պլանավորում է ամբողջությամբ ապահովել սեփական էներգետիկ կարիքները։

«Թուրքիայի արտաքին էներգետիկ ռազմավարության մեջ հստակ գրված է, որ 2025 թվականից Անկարան սկսելու է ակտիվ էլեկտրաէներգիա արտահանել հարևան երկրներ։ Ճիշտ է, Հայաստանի մասին այստեղ խոսք չի գնում, բայց ակնհայտորեն Հայաստանը ևս կարող է հայտնվել այդ ալիքի ներքո՝ փաստորեն կախվածության մեջ հայտնվելով Թուրքիայից ներկվող էլեկտրաէներգիայից, ինչը լրջագույն անվտանգային խնդիր է»,- ընդգծեց Վահե Դավթյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս