Իմ ամբողջ ներուժը, ժամանակիս 90 տոկոսը դրել եմ դպրոցիս վրա. Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյանի՝ ռոմանսների Արսենի կյանքում ստեղծագործական ակտիվ շրջան է: Շուտով երաժշտասերները առիթ կունենան լսելու նրա մի քանի նոր ստեղծագործություններ: Նորությունների մասին առավել մանրամասն խոսում է երգիչը:

«Ամիսներ առաջ ես նոր տեսահոլովակ տվեցի եթեր, նոր ստեղծագործություն, որը կոչվում է ՝ «Իրարով». ուրախ, պոզիտիվ երգ է սիրո մասին: Եւս մի քանի երգեր կան ձայնագրման փուլում, մի քանիսն էլ արդեն ձայնագրվել են: Այնքան տարբեր երգեր են, կան ստեղծագործություններ, որոնք բոլորովին նոր են, եւ կան երգեր իմ ամենաբուռն ստեղծագործական շրջանից, որոնք ստեղծվել են 2000-ականներին, երբ ես ու Ավետը ավելի շատ էինք միասին համագործակցում: Այս երգերը երբեք չեն մատուցվել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց երգիչը:

Ժամանակակից լուծումներով, նոր գործիքավորմամբ էլ շուտով կլսենք երգչի մի քանի հին եւ սիրված երգեր, ինչպես ինքն է ասում՝ «թրենդին» համապատասխան:

«Միտք ունեմ իմ հին՝ ամենասիրելի երգերը, որոնց մեջ մտնում են «Ապրիր միշտ պարզ», «Մնա», «Սերն է դա», «Անվերնագիր», նոր գործիքավորմամբ ներկայացնել: Ոչ թե նոր ձայներով, բայց հին ձեւով, այլ ամբողջովին նոր գործիքավորմամբ, այսօրվա «թրենդով»»,-ասաց նա:

Արսեն Գրիգորյանը անդրադարձավ նաեւ 4 տարի առաջ իր կողմից հիմնադրված երաժշտական դպրոցին: 2018թ. սեպտեմբերի 1-ից երաժիշտը բացել է «Արսեն Գրիգորյան երգարվեստի ստուդիա», որը, ըստ նրա, բուռն ստեղծագործական փուլում է:

«Մինչեւ կորոնավիրուսի շրջանը՝ 2019-ի դեկտեմբերին, ունեցանք մեր առաջին մենահամերգը, իսկ կորոնավիրուսից հետո, առաջին անգամ, հունիսի 27-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա մեր երկրորդ մեծ մենամերգը: Իմ ողջ եռանդն ու ուժը ներդրել եմ այդ գործի մեջ: Դպրոցում սովորում են բացառապես երգել, մեր առաքելությունը նոր սերունդ դաստիարակելն է: Ուսանում են 5-16 տարեկան աշակերտներ: Սովորում են երգել հայկական ազգային, ժողովրդական, դասական, հայկական կոմպոզիտորական արվեստի ստեղծագործություններ, մինչեւ անգամ այսօրվա հայկական էստրադայի սիրված ստեղծագործությունները: Կարեւորն այն է, որ մեզ մոտ սովորեցնում են հայկական երաժշտություն»,-ընդգծեց նա:

-Խնդրում եմ ասեք՝ երաժշտական արվեստում ի՞նչ բացեր եք տեսնում եւ ի՞նչը կցանկանայիք փոխել:

-Շատ չեմ հետեւում մեր շոու-բիզնեսին, եւ չեմ ուզում խոսել բացերի կամ այն ամենի մասին, ինչը ինձ դուր չի գալիս, որովհետեւ ես այդ մասին բազմիցս խոսել եմ: Հոգնել եմ խոսելուց, մեծ հաշվով՝ ոչինչ դուր չի գալիս: Շատ քիչ բաներ կան, որ ես հավանում եմ հայկական երաժշտության մեջ:

-Երաժշտության մեջ եք տասնյակ տարիներ, պատկերացնու՞մ եք Ձեզ այլ ոլորտում աշխատելիս:

-Եթե աշխատեի, ապա դա հաստատ չէր լինի բժշկությունը, կամ այլ մասնագիտություն: Կզբաղվեի իմ անձնական բիզնեսներով: Ես ինձ այլ մասնագիտության մեջ ուղղակի չեմ պատկերացնում, որովհետեւ ամբողջ կյանքս նվիրել եմ երաժշտությանը, մանկապարտեզի տարիքից երաժշտության մեջ եմ եղել, պրոֆեսիոնալ մակարդակով եմ ուսանել, օրինակ՝ Կոնսերվատորիան ավարտել եմ կարմիր դիպլոմով, այսինքն՝ իմ ամբողջ կյանքը անցել է երաժշտության մեջ: Ուշ է արդեն մտածել, թե ինչ կուզեի անել, եթե չլիներ երաժշտությունը:

-Երաժշտական ժանր փոխելու մասին երբեւէ մտածե՞լ եք, տեսնելով օրինակ, թե ինչն է առավել արդիական, հանրության շրջանում պահանջված:

-Ժանր փոխելու համար պիտի ուրիշ ժանրում լինես: Եթե քեզ շնորհ է տրվել ստեղծագործել  կոնկրետ ժանրում, եւ դու դա անում ես լավ, պետք չէ փոխել: Ինձ մոտ միշտ լինում են անկումներ, նորից մուսա է առաջանում՝ նոր բաներ անելու, հետո կրկին հիասթափվում եմ ամեն ինչից: Հիմա իմ ամբողջ ներուժը, կարողությունը, ժամանակիս 90 տոկոսը դրել եմ դպրոցիս վրա: Ժամանակ չունեմ իմ կարիերայով զբաղվելու: Ես կարող եմ իմ մասին թույլ տալ ասել, որ, երաժշտական դպրոցը ստեղծելով եւ իմ ժամանակի մեծ մասը դրան տալով, լավ գործ եմ անում: Այսօր ապրում ենք ինտերնետի դարաշրջանում, ու, երբ տեսնում ես, որ քո արած գործին այդքան էլ չեն հետեւում, հիասթափություն ես ապրում: Այն երգերը, որոնք ես ունեմ իմ պահոցներում, կպատրաստեմ, կմատուցեմ հանրությանը, բայց թե դրանից հետո որքան հաճախ կուզեմ երգեր գրել, մի քիչ դժվար է ասել:

-Վերեւում մուսայից խոսեցիք, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

-Ամեն ինչը՝ լավ ու վատ առումներով: Միայն սերը չէ, որ ոգեշնչման աղբյուր կարող է լինել, այդ տարիքից անցել եմ արդեն:

Հարցազրույցի վերջում, խոսելով Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության կորստի վտանգից, Արսեն Գրիգորյանն ասաց, որ ինչպես յուրաքանչյուր հայ, ինքը եւս համարում է, որ դա սարսափելի է: «Այստեղ միայն թշնամության հացը չէ: Այստեղ հարցն այն է, որ ուզում են փչացնել մի ազգի մշակութային ժառանգություն, որը առաջինն է Քրիստոնեությունը ընդունել, որը շատ հին է իր պատմությամբ, եւ մշակույթով»,-ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս