Մեկնարկում են բուհական ընդունելության միասնական և ներբուհական քննությունները. Ովքե՞ր են ազատվում քննությունների վճարից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհական ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման մեկնարկը:
ԳԹԿ-ից 168.am-ին հայտնեցին, որ հիմնական փուլը, որն ընդգրկում է ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը, վերաբերում է հանրակրթական դպրոցների այս տարվա, նախորդ տարիների, նաև՝ քոլեջների և ուսումնարանների շրջանավարտներին:
Հայտագրվելու համար հարկ է ներկայանալ դպրոցի տնօրենին, որտեղ սովորում է շրջանավարտը, և տեղեկացնել նրան:
2021-2022 ուստարվա շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Դրանից հետո արդեն կարելի է հայտագրվել ինքնուրույն՝ dimord.am կայքում, կամ դիմել դպրոցի օպերատորին, որը կօգնի դա անել:
«Դիմում-հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման վերջին օրը՝ մայիսի 10-ի 18:00-ն: Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են` պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները»,- պարզաբանեցին ԳԹԿ-ից:
Նախորդ տարիների շրջանավարտները դիմում են այդ նպատակի համար առանձնացված դպրոցներին: Երևանում՝ թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ), թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն), թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն, Նորք-Մարաշ), թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր), թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա), թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք), թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն), թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն), թիվ 170 ավագ դպրոց (Ավան, Առինջ):
Կոտայքի մարզ՝ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց, Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց, Եղվարդի ավագ դպրոց, Նոր Հաճնի ավագ դպրոց, Բյուրեղավանի ավագ դպրոց, Չարենցավանի ավագ դպրոց: Գեղարքունիքի մարզ՝ Գավառի ավագ դպրոց, Սևանի ավագ դպրոց, Մարտունու ավագ դպրոց, Վարդենիսի ավագ դպրոց, Ճամբարակի ավագ դպրոց:
Արագածոտնի մարզ՝ Աշտարակի ավագ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Ապարանի ավագ դպրոց, Ծաղկահովիտի միջն. դպրոց:
Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորի ավագ դպրոց, Ջերմուկի կրթահամալիր դպրոց, Վայքի ավագ դպրոց:
Արարատի մարզ՝ Արտաշատի ավագ դպրոց, Արարատի ավագ դպրոց, Մասիսի ավագ դպրոց:
Սյունիքի մարզ՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոց, Մեղրու թիվ 1 միջն. դպրոց, Գորիսի թիվ 4 ավագ դպրոց, Սիսիանի ավագ դպրոց:
Լոռու մարզ՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց, Ալավերդու թիվ 5 հիմն. դպրոց, Սպիտակի ավագ դպրոց, Ստեփանավանի ավագ դպրոց, Տաշիրի ավագ դպրոց:
Շիրակի մարզ՝ Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան), Արթիկի թիվ 3 ավագ դպրոց, Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց, Աշոցքի միջն. դպրոց, Ամասիայի միջն. դպրոց:
Արմավիրի մարզ՝ Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց, Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց, Մյասնիկյան գյուղի միջն. դպրոց:
Տավուշի մարզ՝ Իջևանի ավագ դպրոց Դիլիջանի ավագ դպրոց, Նոյեմբերյանի ավագ դպրոց, Բերդի ավագ դպրոց: