«Ակնկալվում է առաջնային շուկայի՝ նորակառույց բնակարանների գնաճ, իսկ պանելային շենքերի բնակարանների գները, հակառակը՝ կնվազեն». մասնագետ
Երևանում վարձով բնակարանների բարձր գները շարունակում են պահպանվել:
«Ոչ միայն գներն են բարձր, այլև բնակարան գտնելն էլ է դժվարացել: Թե ո՞ւր անհետացան այդ տները, մարդ չի հասկանում: Գների մասին խոսք չկա՝ բոլորը նույն երգն են երգում՝ 120․000-150․000 դրամ, ու սա՝ հին վերանորոգմամբ կամ կիսատ-պռատ վերանորոգված տների դեպքում»,- մեզ հետ զրույցում նշեցին քաղաքացիները:
Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ վարձակալության շուկայում մեկ ամիս առաջվա աժիոտաժը չկա, բայց պահանջարկ կա: Վաճառքը նույնպես ակտիվ է տարվա սկզբից, կա նաև թեթև գնաճ:
Նրանք շարունակում են կարևորել Հայաստանում բնակարան ձեռք բերելու սոցիալական ծրագիր ունենալու հանգամանքը, քանի որ շատ բարդ է հիփոթեքով բնակարան ձեռք բերել: 10 տոկոս կանխավճարը քչերը կարող են վճարել:
«Վարձով տների բարձր գները, ցավոք, դեռ պահպանվում են: Խնդիրն այն է, որ հիմա իրականում դոլար, ռուբլի, դրամ և այլն, առհասարակ փող ասվածն է արժեզրկված, այստեղից էլ և՝ բարձր գինը: Դեռ կպահպանվի բարձր գինը, բայց ավելի զուսպ. նվազում կարող է լինել. դա արդեն կապված է նրա հետ, որ անցնում է այս 2-3 ամիս վարձակալման բումը:
Հիմա արդեն գալիս են խոշոր ընկերությունները, որոնք էլ վարձակալում կամ միանգամից գնում են կոմերցիոն տարածքներ կամ բնակարաններ: Ակնկալվում է առաջնային շուկայի՝ նորակառույց բնակարանների գնաճ, իսկ պանելային շենքերի բնակարանների գները, հակառակը՝ կնվազեն: Քարե շենքերը, նայած տեղ և որակ, կպահպանեն միջին արժեքը: Հավելեմ, որ հիմա արդեն նկատվում է կոմերցիոն տարածքների դեֆիցիտ, հատկապես խոշորների, հետևաբար՝ գնաճ է սպասվում այս շրջանում ևս: Ամենաշատը փնտրում են մինչև 700 դոլարին համարժեք բնակարան, որը տրվում է երկարաժամկետ»,- նշեց Անշարժ գույքի առք ու վաճառքի կառավարման մասնագետ, «Էյրիս» ընկերության հիմնադիր Ռոզա Ղռեջյանը:
Հավելենք, որ անշարժ գույքի վարձակալության շուկայում աննախադեպ գնաճին անդրադարձել է նաև Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Առաջանում են իրավիճակներ, որոնցում քաղաքացիների շահերի լավագույն պաշտպանությունը վարձակալության իրավունքի պետական գրանցումն է։ Նման իրավիճակները չէ, որ քաղաքացիներին պետք է սովորեցնեն իրավունքների պաշտպանության մեխանիզմները կիրառել, բայց սա իրավիճակ է, երբ բոլորը հետագա իրավունքները պաշտպանելու համար պետք է դրանք գրանցեն»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում մարտի 21-ին կառավարության ծրագրի կատարման 2021թ․ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարը:
Քննարկմանը ներկա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին՝ շեշտել էր, որ վարձակալության պայմանագրերը համատարած ստվերի դաշտում են: «ՊԵԿ-ը գրեթե չունի գործիքակազմ այստեղ։ Չենք կարող ստուգում անել և ֆիզիկական անձին լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել։ Մենք հիմա տեղեկատվություն ենք հավաքագրում, թե որտեղ կան վարձակալված բնակարաններ՝ հիմնականում խոշոր ծավալների, և վարձատուներին ծանուցելու ենք, որ հաջորդ տարի իրենք պարտավոր են գրանցել վարձակալության պայմանագրերը և վարձակալության գումարների մասով վճարել եկամտային հարկ։ Կադաստրի եռամսյակային տեղեկությունների հիման վրա ենք հիմա ծանուցում, թեև հիմա ինքներս ենք տեղեկություններ հավաքագրում․ վարձակալության պայմանագրերը ենթակա են գրանցման, և դրանցից գոյանում են հարկեր»,- aravot.am–ի փոխանցմամբ՝ ասել էր Ռուստամ Բադասյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն էլ մարտի 16-ին հանդիպել է անշարժ գույքի գործակալների հետ և քննարկել Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակի և զարգացմանն ուղղված հարցեր։ Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները կանխելու նպատակով: