Բաժիններ՝

«Սոմա. կրակե օղակ». Չարենցի հոբելյանին օպերային թատրոնը բեմ կբարձրացնի Տերտերյանի օպերան

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանա Չարենցի «Սոմա» պոեմի հիման վրա գրված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Սոմա. կրակե օղակ» երկու գործողությամբ օպերան:

Արվեստասերներն օպերան վայելելու հնարավորություն կունենան ապրիլի 14-ին:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր, օպերային թատրոնի տնօրենի ժ/պ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցնում է՝ օպերան առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին, և այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը:

«Մեր թատրոնն սկսել է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին բեմահարթակ տրամադրելու գործընթացը, քանի որ լավ թատրոններում տարեկան գոնե երկու անգամ պետք է ժամանակակից  երաժշտություն հնչի, որ  հնարավոր լինի սերունդներին ցույց տալ, թե ինչպես են մտածում այսօրվա պոետն ու կոմպոզիտորը»,-շեշտում է Դուրգարյանը:

Նա խոստովանում է՝ «Սոմա. կրակե օղակ»-ը բավականին բարդ ստեղծագործություն է: Թատրոնի բեմում կլինի մոտ հարյուր արտիստ, մեծ նվագախումբ: Առաջին անգամ կփորձեն լիարժեք ցույց տալ օպերային թատրոնի տեխնիկական հնարավորությունները: «Այստեղ երգչախումբը հանդես է գալիս իբրև արտիստ, շարժող ուժ: Տերտերյանը համարվում է տիեզերական երաժշտության հեղինակ, և մենք նաև լուսային լուծումներով ենք դա ցույց տալու: Կլինի ֆիլմ, լուսային ռեժիսուրա, ռեժիսուրա»,-նշում է Կարեն Դուրգարյանը:

Ըստ դիրիժորի՝ կարծես թե արվեստը, երաժշտությունը պետք է ընկալելի լինեն, բայց ոչ բոլորն են կարող Փարաջանովի, Տարկովսկու ֆիլմերը հաճախ նայել, որովհետև հեղինակային են: Նույնը կարելի է  ասել նաև Տերտերյանի երաժշտության մասին, որը ժամանակին հեղափոխական է համարվել, որն ինտելեկտուալ է ու մտածելու առիթ է տալիս:

Դուրգարյանը տեղեկացնում է՝ նկարահանելու են ներկայացումը և տեսագրությունը  ցուցադրելու են տարբեր թատրոններում, քանի որ ազգային ներկայացմամբ հնարավոր է զարմացնել աշխարհին:

«Չափազանց կարևոր է դադարից հետո բեմում նորից տեսնել «Կրակե օղակը»՝ մեր մեծանուն կոմպոզիտորի աշխատանքը, որը «Սոմայով» ներշնչված ստեղծագործություն է: Որքան էլ տարօրինակ թվա, բայց 21-րդ դարում աշխարհիկ պետության մեջ կարող են շատ տարբեր կարծիքներ հնչել առ այն, որ այս գործը քրիստոնեական ուղղվածություն չունի: Ես դա համարում եմ խավարամտություն. մեր դարում չի կարելի նման բառապաշարով և զուտ կրոնական կողմնորոշումներով գնահատել գեղարվեստական աշխատանքը: Դիտել եմ փորձերի բոլոր տեսագրությունները և ենթադրում եմ, որ մեզ սպասվում է շատ հետաքրքիր բեմադրություն, որը կարծում եմ՝ կլինի մեր հաջորդ պատշաճ խոնարհման դրսևորումը մեծանուն պոետի հիշատակին: Մասնագիտական և գեղագիտական տեսանկյուններով Չարենցը պոեզիայում «կրակապաշտ է». ինչքան շատ են կրակ, արև, արյուն բառերը: Հասկանում ենք, որ չենք կարող շրջանցել Չարենցի գեղարվեստական ժառանգության այս կողմերը, որտեղ կրոնական ուղղվածության որևէ խնդիր չկա: 21-րդ դարում գեղարվեստական ստեղծագործությունը զուտ կրոնական հասկացություններով ու կողմնորոշումներով գնահատելն ու ընկալելը հետադիմական դրսևորում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու հավելում՝ Չարենցի հոբելյանի առթիվ արդեն իսկ եղել են նախընթաց միջոցառումներ. Չարենցի տուն-թանգարանում ներկայացվել են բեմադրական, փորձարարական աշխատանքներ, տեղի է ունեցել ցուցադրության բացում, գրքի շնորհանդես, ամենաբարձր մակարդակով և ամենաստույգ ուղերձներով «Արամ Խաչատրյան» համերգասրահում իրականացել է Չարենցին նվիրված հոբելյանական երեկոն: Ըստ փոխնախարարի՝ համերգը գեղարվեստական արժեք ու հանրային հնչեղություն ունի, ուստի նախատեսում են կրկնել այն, կփորձեն ներկայացնել նաև համայնքներում:

«Սոմա. կրակե օղակ» լիբրետոյի հեղինակը, օպերայի բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանն է:

Սոման հին  հնդկական աստվածություն է, որ ունի համանուն բույսից պատրաստված արբեցնող խմիչքի հատկություն: Նաև անշեջ կրակն է՝ Ագնին,  ազատության հավերժական սկիզբը, կարող է բարձրացնել արևը և հաղթել խավարին: Սոման այդ հատկություններով Եղիշե Չարենցի պոեմում դարձել է բռնության դեմ ըմբոստացած  ամբոխների խանդավառության  խորհրդանիշը: Նրա զորությամբ արբած՝ նրանք պատրաստ են՝ «կյանքը հին ու սնամեջ ողջակիզեն կրակին»: «Սոմա» պոեմում «զրահապատ ամբոխները» որոշակի հասցե և անուն չունեն, անորոշ է նաև կռիվը:  Այդ մասին Չարենցը հետագայում գրել է. «Այդ ժամանակ ես հեղափոխությունն ապրում էի որպես ռոմանտիկական հուզական բռնկման պրոցես, որի սկիզբը դրված է 1918  թվականին տպված իմ «Սոմա» պոեմում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս