Պատմաբան Հակոբյանի պատմությունից հեռու փաստերն ու Փաշինյանի խաղաղության տեղապտույտը
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի համար խորհրդանշական է տեսարանը, երբ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների սեղաններին տեղադրված են Արցախի դրոշները, սակայն դրոշ տեղադրողները չկան: Իշխանական պատգամավորն իր ընդդիմադիր գործընկերների սահմանամերձ համայնքներ ու Արցախ այցելության գաղափարը որակեց պատասխանատվությունը չկիսելու փորձ՝ զուգահեռներ անցկացնելով պատմության հետ:
Հետաքրքրական է, որ պատմաբան Հակոբյանը պատմության հետ զուգահեռներում հղում տվեց ոչ թե պատմության փաստերին, այլ իր քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
«Ըստ իս՝ նրանք հենց այդպես են վարվել վերջին 30 տարիների ընթացքում, երբ Արցախի տարբեր շրջաններում տեղադրել են Արցախի դրոշները, այնուհետև փախել են այդ տեղերից, և գնացել-բանակցել այդ տարածքները հանձնելու շուրջ»,- Փաշինյանին ուղղված իր հարցը նման ցնցող նախաբանով սկսեց նա՝ մոռանալով, որ հենց հարցի հասցեատերն էր նոյեմբերի 9-ին՝ ժողովրդի և անգամ իր թիմի թիկունքում ստորագրել հայտնի փաստաթուղթը, որ ասել էր՝ «ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք», և այլն:
Պարզվեց, սակայն, որ սա պատգամավոր Հակոբյանի ելույթի միակ ամնեզիկ դրսևորումը չէ. մոռանալով պառակտման կոչերով իշխանության եկած իրենց թիմին՝ նա ցավով արձանագրեց, թե ընդդիմադիր գործիչներն ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունը երկփեղկվի, ու դրանում մեղադրում իշխանություններին, ապա հարցով հետաքրքրվեց.
«Ի՞նչ պետք է անենք, որպեսզի բարդ ու կնճռոտ ճանապարհը, որ պատրաստվում ենք անցնել ժողովրդի հետ, լինի հնարավորինս համերաշխության շրջանակներում»:
«Նախկիններ–ներկաներ» պառակտող թեզի կնքահայր Նիկոլ Փաշինյանը, պարզվում է՝ ևս կարծում է, թե հասարակությունը պառակտվել է պատերազմից հետո: Իսկ թե ինչ պետք է արվի այդ պառակտումը կանխելու համար՝ Փաշինյանի պատասխանը կրկին «խաղաղության օրակարգի» տեղապտույտում էր.
«Ես կարծում եմ, որ, այո՛, 2020 թ. նոյեմբերի 9-ից մեր հասարակությունը պառակտված էր: Ժողովրդավարական երկրներում հասարակության պառակտվածությունը հաղթահարելու միջոցը ընտրություններ են, որտեղ մարդիկ կարող են արտահայտվել: Դա է միջոցը, որովհետև ժողովրդավարական հասարակությունում չկա համաձայնության մթնոլորտ, որ բոլորն ամեն ինչի հետ համաձայն են: Այո, բայց նաև գալիս են պահեր, երբ ամբողջ հանրությունը կոնսոլիդանում է մի խնդիր լուծելու շուրջ:
Ես այսօր իմ ելույթում ասեցի, որ եթե ժողովուրդը այդ մանդատը մեզ տվել է, իսկ ժողովուրդն այդ մանդատը մեզ տվել է, ժողովուրդը պետք է համախմբվի հենց խաղաղության օրակարգի շուրջ և խաղաղության օրակարգն առաջ տանող կառավարության շուրջ, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ այդ ճանապարհն այլընտրանք չունի:
Եվ մենք պետք է հասկանանք, որ այն, որ մենք այդ օրակարգը հռչակում ենք, դեռևս չի նշանակում, որ այդ օրակարգը կկարողանանք հաջողության հասցնել, որովհետև դրա համար պահանջվում են կրկնակի, եռակի, քառակի ջանքեր»:
Ըստ Փաշինյանի՝ մենք պետք է տեսնենք մարտահրավերները, մեր պատմությունից դասեր քաղենք: Նա շեշտեց՝ պետության շահը պետք է դառնա ամեն ինչի առանցքն ու ողնաշարը:
«Հիմա այստեղից հարց է ծագում՝ մինչև հիմա ՀՀ շահը չի եղե՞լ առանցքն ու ողնաշարը: Ես պատերազմից հետո այսպիսի նախադասություն ասեցի, որ այդ պատերազմը ցույց տվեց հայրենասիրության մեր մոդելի բացերը: Որովհետև, լավ, մենք պե՞տք է վերջը իրար երեսի նայենք-ասենք՝ էդ ո՞նց է, որ մենք բոլոր հնարավոր ծնունդներում և կնունքներում հոտընկայս բանակի և զինվորների կենացն ենք խմում, բայց մեր ոչ բոլոր երեխեքն էին տենց ոչ մեծ հաճույքով գնում բանակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: