«Ի՞նչ արեց Ալենը, ասաց՝ գլուխս բաց է, եկեք՝ խփեք. դրանով հպարտանո՞ւմ եք». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի կարծիքով՝ ինչպես սատանան վախենում է խաչից, այնպես էլ՝ գործող իշխանությունները՝ Արցախի դրոշից:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ Արցախի դրոշի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների ատելությունը հավասարաչափ է.

«Հիշում եք՝ երեխաներով ավտոբուսը, որ Սյունիքի ճանապարհին կանգնեցրել էին, և մի կադր կար, որտեղ ադրբեջանցիները դանակով քերում էին սպիտակ քառակուսիները, որովհետև ադրբեջանցիները խնդիր ունեն դրոշի հենց այդ հատվածի հետ, որը խորհրդանշում է Արցախը: Մի խմբավորում կա՝ Բևեռ կոչվող, որը վերջերս հանրահավաք էր անում, նրանք սկսեցին դրոշի այդ հատվածը ներկել: Այսինքն՝ խնդիր ունեն՝ առաջին՝ մոռացության մատնել Ցեղասպանությունը և հիմա օրախնդիր դարձած՝ Արցախը:

Հայաստանի իշխանությունները չէին կարող հանդուրժել Արցախի սիմվոլի գոյությունը ՀՀ ԱԺ-ում, որտեղ իրենք մեծամասնություն են կազմում. Բա որ Ալիևը ջղայնանա՞ր: Էդ ԱԺ նախագահն ի՞նչ էր ասում, ասում էր՝ ես գնամ Արցախ, որպեսզի սադրե՞մ. Է՜, մի սադրի, քո գոյությունն արդեն սադրիչ է, ընդ որում՝ դու սադրում ես ՀՀ համար, որովհետև ձեր իշխանության գոյությունը հենց սադրանք է, ձեր գոյությամբ Ադրբեջանի իշխանությունն ինչ ասես՝ անում է մեր տարածքներում»:

Դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանը մեղադրանք է հնչեցնում, որ այսօրվա հայաստանյան ընդդիմության գործունեությունը ունի մեկ ուղղություն, և այդ ուղղությունը զուգորդված գործողություններն են ադրբեջանական սադրանքների հետ, նա արձագանքեց.

«Ես երկար տարիներ աշխատել եմ քրեակատարողական հիմնարկում, շատ հանցագործների հետ եմ շփվել՝ գործի բերումով, հանցագործի այսպիսի մտածողություն կա՝ եթե հանցագործության մեջ կա երկրորդ անձ, նրանցից յուրաքանչյուրը փորձում է մեղքը բարդել այլ մարդու վրա:

Երբ ասում ես՝ ահա ապացույցներ, որ դու կատարել ես հանցագործություն, ասում է՝ ոչ, այդ նույն ապացույցները վկայում են, որ ուրիշն է կատարել հանցագործությունը: Սա սովորական հանցագործի մտածողություն է: Այսինքն՝ այն գործողությունները, որոնք իրենք անում են, վերագրել ընդդիմությանը, Ռուսաստանին, և այլն, բոլորը՝ բացի իրենցից, վերջերս էլ մամուլում կարդացի, որ թուղթուգիր են արել Նիկոլ Փաշինյանին»:

Նա հիշեցրեց, որ նույն Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ հպարտորեն Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին ասում էր՝ մենք ընդունում ենք այդ պահանջները, եկեք՝ սկսենք բանակցությունները. «Հետո, իշխանական մամուլը և իշխանական գործիչները այնպես հպարտությամբ էին ներկայացնում, թե՝ տեսա՞ք՝ Ալենը ինչ արեց Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին: Ի՞նչ արեց Ալենը, ասաց՝ գլուխս բաց է, եկեք՝ խփեք. դրանով հպարտանո՞ւմ եք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս