Բաժիններ՝

Սերն Աստծո անունն ու գործն է

Սերը համարվում է առաքինություններից մեծագույնը: Եվ պատահական չէ, որ Վարդան Այգեկցին սիրո մասին իր խրատում գրում է. «Որդյակնե՛ր, այսուհետև ձեր մեջ սե՛րն ընդունեք, որովհետև սերն Աստծո անունն ու գործն է, քանի որ Նա սիրո պատճառով Իր անձը մահվան մատնեց մեզ համար և նույն սերն էլ հրամայեց մեր մեջ պահել խոնարհությամբ ու առանց նենգության»:

Արդարև, բոլոր բարի գործերը Բարձրյալին են հասնում սիրո հաստատուն ներկայության միջոցով, քանզի Քրիստոս ասում է. «Սիրեցե՛ք միմյանց»: Սերը սահմանափակ չէ, այն տարբեր դիմագծեր ունի մեր կյանքում, սակայն սուրբ սիրո դրսևորումը, որ իր մեջ բացառում է չարությունը, պետք է կենսահաստատ մնա: Երբ քո հոգում ունենում ես սերը, սիրում ես մերձավորիդ, ապա Տերը բնակվում է այնտեղ, որտեղ դու կաս: Հավատի ու հույսի շղթան գլխավորում է սերը՝ անքննարկելի այս հավիտենությունը, որը և՛ բարի է, և՛ հոգատար, և՛ լայնախոհ: Սերը մարդուն և Աստծուն կապողն է, և «Աստված սեր է» (Ա Հովհաննես Դ 8:16):

Մենք պետք է մեր մտքում դրոշմենք, որ սերը ամենաբարձրագույնն է, իսկ հավատը «հաստատուն կերպով հավատալն է, որ կա Աստված, Ով Տեր է, Արարիչ և Դատավոր» (Վ. Այգեկցի, «Խրատ սիրո մասին»): Այժմ պարզ է, որ Աստծուն մոտենալու առաջին քայլը դիմացինին սիրելն է: «Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում ոչ մի բանից` փոքրից և մեծից, փառավորից և անփառունակից, աղքատից և հարուստից. ընդհակառակը` ինքն է բոլորի առջև խոնարհ լինում, մշտապես հույս է տածում… ամեն բանի դիմանում է» (Ա Կորնթացիս 13:7):

Պետք է համաձայնել, որ ամեն ինչ սկսվում է սիրուց, որովհետև հենց նրա մեջ են ամփոփված այն արժեքները, որ մարդ պետք է կրի ամբողջ կյանքի ընթացքում։

Նախ և առաջ քրիստոնյան պետք է սիրի աշխարհն ու իրեն շրջապատող մարդկանց։ Մարդասիրությունը չափազանց կարևոր է, հատկապես երբ սիրում ես` չդատելով, քանզի միակ դատավորը Բարձրյալն է։ Սերը բանալի է։ Հաջողության ու երջանկության ճանապարհը նույնպես հարթվում է սիրո միջոցով։

Սերը ծով է, մարդը` նավաստի։ Պետք է իմանաս նավարկելու բոլոր կանոնները, որ հասնես Աստծուն, որովհետև Նրան հասնելու ամենակարճ ճանապարհը սերն է։ Եվ այդ դեպքում է միայն անհնարինը հնարավոր դառնում, կյանքը երջանիկ գույներ առնում, և մարդը վայելում է սիրո ազատության պտուղները։

Աստված մարդուն կյանք է պարգևում, հետևաբար նաև՝ սեր։ Սակայն լինում են դեպքեր, որ մարդն այդ սերը բաց է թողնում կամ հեռանում է նրանից, բայց երբեք չի կորցնում։ Սերն ամեն լավ բանի հիմքն է։ Առանց սիրո ապրելն ու ստեղծագործելը սին է և իմաստավորվում է միայն ու միայն սիրով։

Եկե՛ք սիրելով ճանաչենք Աստծուն, հավատանք, հաստատ մնանք մեր դավանանքի մեջ, որովհետև. «Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթացիս 13.13)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս