Անկախությունը բազմոցին նստելով չեն պահում, անկախությունը պահում են գործով. Ռուբեն Վարդանյան

Վերջերս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու հայտ ներկայացրած, բարերար Ռուբեն Վարդանյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդևադարձել է նաև վերջին շրջանում շրջանառվող Թաթարաստանի օրինակի մասին հարցին: Ռուբեն Վարդանյանի պաշտոնական էջում հրապարակվել է հարցազրույցի այդ հատվածը.

«Մի կողմից՝ ես շնորհակալ եմ և ուրախ եմ, որ իմ վերջին հարցազրույցը լայն արձագանք ունեցավ, և տարբեր սոցիալական ցանցերում քննարկումներ եղան։ Ուզում եմ ասել, որ առաջնորդների ամենակարևոր հատկանիշներից մեկը պատասխանատվություն վերցնելն է, ազնիվ լինելն ու խոսելը ոչ թե այն մասին, ինչ մարդիկ ուզում են լսել, այլ այն մասին, ինչ, կարծում ես, կարևոր է քո ազգին օգնելու համար։ Նորից եմ ուզում ասել, եթե մենք ուզում ենք մեր անկախությունը պահպանել, ուղղակի չպետք է նստենք ու սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ համար ինչ-որ բան անի։ Եթե մենք ոչինչ չանենք, կկորցնենք մեր անկախությունը:

Եթե մենք ոչինչ չանենք, կդառնանք Ռուսաստանի մի մաս, ընդ որում՝ ոչ թե Թաթարստանի նման, այլ՝ Ռուսաստանի մի աղքատ մաս: Եթե ոչինչ չանենք՝ անկախությունը չենք կարողանա պահել: Անկախությունը բազմոցին նստելով չեն պահում, անկախությունը պահում են գործով։

Եվ ես վստահ եմ, ինչպես ասացի այդ հարցազրույցում, որ մեր անկախությունը պահպանելու համար մենք պետք է ամեն ինչ անենք՝ միանալով, համախմբվելով. անկախություն պաշտպանելը միայն քննադատելով չէ, գործ անելով է։

Վերջին քսան տարվա ընթացքում մենք Նուբարի, մեր ընկերների հետ միասին ամեն ինչ անում էինք, որ անկախությունը իսկապես դառնա իրականություն։ Եվ մենք շարունակելու ենք անել, չնայած ամեն դժվարության, որ սպասվում է մեզ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Որովհետև մենք գիտենք, որ ինչ անում ենք, անում ենք ազնիվ՝ սիրելով մեր հայրենիքը, սիրելով մեր ազգը, և մենք շարունակելու ենք այդպես մինչև մեր կյանքի վերջը»։

Տեսանյութեր

Լրահոս