Բաժիններ՝

«Գնորդը պետք է մի փոքր բծախնդիր լինի, փողոցից որևէ բան չգնի. հացը հո չե՞ն տանելու լվանան». Ռուբեն Հայթյան

«Փողոցային առևտրի հետ կապված տեսչական մարմինը գրեթե ոչ մի լիազորություն չունի, հատկապես ֆիզիկական անձանց նկատմամբ որևէ վարչարարություն չենք կարողանում իրականացնել: Միայն ԱՁ-ներ, ՍՊԸ-ներ»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նկատեց. «Կենտրոնով ման էի գալիս, ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքը ինչ-որ մեկը առևտրային կենտրոն է սարքել: Վստահ եմ, որ ոչ թե ընտանիք է պահում, այլ բիզնես է դրել: Ի՞նչ ենք անում դրա հետ»:

Հովիկ Սաֆարյանը պատասխանեց. «Ճանաչում ենք այդ անձնավորությանը, արդեն 10 մլն դրամից ավելի տուգանել ենք ու բազմիցս: Արաբկիրում էր, տեղափոխվեց: Անվճարունակ է, ինչքան տուգանում ենք՝ ազդեցություն չկա։ Պայմանավորվել ենք ոստիկանության հետ, ուժեղացված ծառայություն ենք այս շաբաթ սկսում»:

Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Արաբկիրում գործերը լավացան, եկավ Կենտրոն: Ես կարծում եմ, որ եթե ամենօրյա ծառայությունը մեկ ամիս լինի, մեկ ամիս հետո չենք ունենա, բայց ոնց հասկանում եմ, արդեն երրորդ ամիսն է, որ այնտեղ բան են անում: Մայթը վերցրել են, քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարում են: Կարծում եմ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է կազմակերպել, որ այդտեղ այլևս առևտուր չիրականացվի: Մի քիչ էլ թողնենք, ապօրինի շինություն կսարքի մայթին»:

Վարչության պետի խոսքով, այդ անձն անվճարունակ է, ինչքան տուգանում են՝ ազդեցություն չկա, բայց լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն:

«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը ցավով է նշում՝ ինչքան էլ պայքարում են, փողոցային առևտուրը շարունակվում է:

«Հենց հիմա Մալաթիա-Սեբաստիայում և ոչ միայն այդտեղ, փողոցում և՛ ապխտած, և՛ թարմ ձուկ են վաճառում, ինչն անթույլատրելի է: Ամառ լինի թե ձմեռ, ձուկը շուտ փչացող սննդամթերք է, էլ չեմ ասում այն, որ փողոցի աղտոտված փոշին է նստում վրան: Դրսում նաև հացամթերք են վաճառում: Գնորդը պետք է մի փոքր բծախնդիր լինի, փողոցից որևէ բան չգնի, չէ՞ որ կան բազմաթիվ խանութներ: Ի՞նչ է տալիս մեր բնակիչներին մայթին դրած հացը գնելը: Կանաչեղենի և մրգի դեպքում գուցե մի քիչ հասկանալի լինի, քանի որ տանում, լվում են, ջերմային մշակման ենթարկում, հացը հո չե՞ն տանում լվալու»,- 168.am-ի հետ րույցում ասաց Ռուբեն Հայթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս