«Փառուխում և Քարագլխում վտանգված են 40-ից ավելի հուշարձաններ. թշնամին արդեն ոչնչացրել է Փառուխ գյուղի մոտակայքում գտնվող 9-13-րդ դարերի գերեզմանոցը». Լեռնիկ Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների։
«2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին»,- հայտնել է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թշնամու վայրագրություններին, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նկատեց՝ Ադրբեջանի այս վայրագ մշակութային քաղաքականությունը նորություն չէ, այն սկսվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից, այսօր նրանք պարզապես բազմազան են դարձրել ձևերը։
«Սկսած բռնայուրացումից, այսպես կոչված՝ աղվանացման և ուղղափառացման գործընթացից մինչև յուրացում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը նույն քաղաքականությունը սկսեց վարել մեր հուշարձանների նկատմամբ։ Եթե վերցնենք միայն վերջին իրադարձությունները, ապա մարտի վերջերին Փառուխ և Քարագլուխ հատվածներում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մոտ 40-ից ավելի հուշարձաններ վտանգված են։ Նրանք արդեն հասցրել են Փառուխ գյուղի մոտակայքում գտնվող 9-13-րդ դարերի գերեզմանոց ոչնչացնել և, կեղծելով պատմությունը, այդ կմախքները ցույց տալ՝ իբրև Իվանյանի, իրենց անվանմամբ՝ Խոջալուի իրադարձությունների հետևանք։ Այսօր նաև վտանգված է Քարագլխի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի շրջակայքում կան 13-րդ դարի բավականին նշանավոր խաչքարեր, Քարագլխի հին գերեզմանոցը և այլն»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ թշնամու կողմից հայկական հուշարձանների աղվանացման հետևանքն է մարտի 30-ին ուդիական համայնքի ներկայացուցիչների այցը Մարտակերտի շրջանի բռնազավթված Թալիշ և Մադաղիս բնակավայրեր, և հայկական եկեղեցին ներկայացվել է՝ որպես ուդիական քրիստոնեական եկեղեցի։ Մինչդեռ տարածաշրջանում ուդիական մշակութային որևէ պաշտամունքային հետք գոյություն չունի և չի էլ ունեցել։
«Նույնը կատարվում է նաև Շուշիի պարագայում, քանի որ այսօր Ադրբեջանում սկսել են շահարկել վտանգավոր թեզ, դա Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես-Մկրտիչ «Կանաչ ժամ» եկեղեցիների ուղղափառացման գործընթացն է, որը ոչ պակաս վտանագավոր է։
Ադրբեջանը մեր դեմ վարում է հստակ ծրագրված բազմաժանր մշակութային պատերազմ՝ բռնայուրացում, ոչնչացում և պատմության կեղծում, այսինքն՝ նրանց հիմնական նպատակը հայի ինքնության վերացումն է բռնազավթված տարածքներում։ Նրանք այս ամենն անում են տարբեր մեթոդներով և այդ ամենն անում են միջազգային հանրության աչքի առաջ և իրենց բնորոշ ցինիզմով»,- հավելեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Արցախի ԿԳՄՍ նախարարության և այլ կառույցների կողմից եղած ահազանգերին, ցավոք, միջազգային հանրությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել։
«Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ճարտարապետական տեսքի խեղաթյուրումն ուղղված է այդ եկեղեցու ուղղափառացմանը։ Շատ զգույշ պետք է լինել, այստեղ պետք է ակտիվ գործի նաև Հայ Առաքելական եկեղեցին, որպեսզի համապատասխանաբար կարողանա ճիշտ ներկայացնել այս ամենը ռուս Ուղղափառ եկեղեցուն՝ կանխելու խեղաթյուրման այս գործընթացը։ Նաև պետք է նկատենք, որ այս ամենն արվում է հստակ նպատակադրմամբ, որպեսզի նաև լարի հարաբերությունները Առաքելական եկեղեցու և ռուս Ուղղափառ եկեղեցու միջև»,- եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։