Նիկոլիզմի բարքերը հասան դպրոցներ
Ռուս արձակագիր Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այսօր առավոտը բացվեց աշակերտական, ծնողական և ուսուցչական համայնքների համար տհաճ լուրով: Քաղաքապետարանից դպրոցի տնօրենի գործող ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանին տեղեկացրել էին, որ որևէ փաստաթուղթ չստորագրի այսօր, քանի որ ժամանակավոր պաշտոնակատարը փոխվելու է:
Տաթևիկ Մելքոնյանի խոսքով՝ ինքը տնօրենի ժ/պ է նշանակվել 2021թ. դեկտեմբերի 15-ին:
«Նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պայմանագրի ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կայացված որոշման մեջ նշված էր՝ Տաթևիկ Մելքոնյանին նշանակել ժ/պ, մինչև մրցույթում հաղթող կճանաչվի տնօրեն»,- ասաց այս պահին դեռ գործող ժ/պ-ն:
Նրա խոսքով՝ 1-ին մրցույթը տեղի է ունեցել մարտին, ուր ինքը ստացել է ծնողների ու ուսուցչական կազմի, ինչպես նաև նախարարության ձայները, քաղաքապետարանից որևէ ձայն չի ստացել: Ինքը հավաքել է 5 ձայն, իսկ այն թեկնածուն, ով իր փոխարեն պետք է հիմա ժ/պ նշանակվի, 4 ձայն՝ քաղաքապետարանի ձայները:
«Հաջորդ մրցույթը ապրիլի 14-ին է լինելու: Այսօր ես զանգ եմ ստանում, և ինձ ասում են՝ որևիցե փաստաթուղթ չստորագրեք, պաշտոնակատարի փոփոխություն կա»,- ասաց Տաթևիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ երբ տեղեկացրել է ուսուցչական կազմին այդ մասին, սկսել են ընդվզել:
Դրանից հետո դասապրոցեսը խաթարվել է, ծնողները եկել են, որ երեխաներին տուն տանեն, սկսվել է բողոքի ակցիա:
Ի դեպ, ինչպես նշեցին դպրոցի ուսուցիչները, նոր նշանակվող տնօրենի ժ/պ-ն նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու հաջորդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի դասընկերոջ կինն է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, ով երբեք դպրոցում չի աշխատել:
Թե ծնողական և թե աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները պնդում էին՝ մինչև վերջ կանգնելու են Տաթևիկ Մելքոնյանի կողքին:
Բողոքի ակցիան դուրս եկավ դպրոցի սահմաններից, և աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան՝ իրենց հարցերի պատասխանները լսելու լիազոր մարմնից:
Նրանց հետ «բանակցելու» դուրս եկավ կրթության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Մինչ կանդրադառնանք Լևոն Հովհաննիսյանի ու չեխովականների զրույցին, հիշեցնենք՝ ով է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, և որ պատմության հերոսն է նա:
2021թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում, որի ընթացքում իմքայլականներն անվստահություն էին հայտնում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նշեցին, որ իրենցից ոմանց շանտաժի են ենթարկել՝ կամ կողմ քվեարկել անվստահություն հայտնելուն, կամ վայր դնել մանդատը:
Հեռախոսային շանտաժի հեղինակներից մեկը հենց Լևոն Հովհաննիսյանն էր:
Իր այդ առաքելությունը հաջողությամբ ավարտելու պարգևը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պորտֆելն էր, և հենց ի պաշտոնե էլ Լևոն Հովհաննիսյանը պետք է խնդիրը լուծեր:
Լևոն Հովհաննիսյանն ի սկզբանե այն կեցվածքով էր շփվում բողոքի ակցիայի մասնակիցների ու լրագրողների հետ, ինչպես Ներոն կայսրը՝ իր ստրուկների, կամ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանական խմբակցության պատգամավորների հետ:
Խոսում էր հեգնանքով, քամահրանքով՝ երբեմն հրաժարվելով կոնկրետ պատասխաններ տալ հնչեցվող հարցերին:
Նախ սկսեց աշակերտներից պարզել՝ որտեղ են նրանց ծնողները:
«Հիմա երեխաների ուսուցման իրավունքն է խախտվում: Շատ ցավում եմ այն փաստի համար, որ երեխաներին ներգրավում եք սրա մեջ: Նախ նրանք ձեզ հետ են եկել, ինձ հետ չեն եկել: Ձեզնից շատ ես եմ ցավում, որ էս քայլին եք դիմել»,- ասաց նա:
Քաղաքապետի 1-ին տեղակալը հաջորդիվ ճշտելով, որ եկել-հասել են այստեղ, ուրեմն խոսելու բան ունեն, ասաց՝ ուրեմն երեխաները բոլորը գնում են հետ՝ դպրոց, խումբ են ձևավորում ու բարձրանում են վերև՝ իր հետ զրուցելու:
Աշակերտները հրաժարվեցին հեռանալ, ու սկսվեց ամենահետաքրքիրը. Կրթության ոլորտը համակարգող փոխքաղաքապետը սկսեց վիճաբանության մեջ մտնել աշակերտների հետ՝ նշելով՝ 16 տարեկան երեխան պետք է դպրոցում լինի:
Ճիշտ է ասում Լևոն Հովհաննիսյանը, միայն թե 10-17 տարեկան երեխաները դպրոցում պետք է լինեին նաև 2018թ. ապրիլ-մայիսին, երբ իրենց քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մտնում դպրոցներ, կաթվածահար անում դասապրոցեսը և երեխաներին դուրս բերում դպրոցներից՝ նրանց մասնակիցը դարձնելով իր քաղաքական շահերի իրագործմանը:
Հետաքրքիր է, իսկ քանի՞ տարեկան է այս տեսանյութի մեջ «Սերժին» անպարկեշտ ժեստերով Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի և ՔՊ-ական ողջ թիմի հիացական հայացքների առջև մերժող այս երեխան:
«Սա անընդունելի է, սա բացառիկ դեպք է: Երեխաները հիմա բոլորը պետք է վերադառնան դասի»,- ասաց փոխքաղաքապետը: Իսկ երբ լրագրողները փորձեցին հակադարձել, թե 2018թ.-ին բացառիկ չէր կարծես թե, Լևոն Հովհաննիսյանը վրդովվեց՝ մի րոպե, մի հատ մի ընդհատեք:
Ինչևէ, Լևոն Հովհաննիսյանը կրկնեց իր հրավերը՝ կզրուցեն վերևում, ապա կրկին միևնույն աշակերտին տվեց նույն հարցը՝ որտե՞ղ է նրա ծնողը:
Ուշագրավ էր, որ Լևոն Հովհաննիսյանը լրագրողների հարցերին ըստ էության չպատասխանելու ուրույն ձև էր մտածել: Հարց տվող լրագրողներին ինքն էր հարցնում՝ Դուք կրթության ոլորտի հետ մասնագիտական առնչություն ունե՞ք՝ մոռանալով, որ լրագրողը պարտավոր չէ առնչություն ունենալ այն ոլորտի հետ, որի վերաբերյալ հարց է ուղղում. դա պատասխանողի պարտականությունն է:
Նա այդպես էլ չպատասխանեց այն հարցին՝ ինչո՞ւ են օրենքի շրջանցմամբ փոխում գործող ժամանակավոր պաշտոնակատարին և նշանակում այլ մարդու, երբ նա պետք է պաշտոնավարեր մինչև նոր տնօրենի ընտրվելը:
«Քանի որ մրցույթները մի քանի անգամ չեն կայացել, հիմա գնում են ժ/պ-ի փոփոխության»,- ի վերջո ասաց փոխքաղաքապետը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ այդ քայլն ինչ կապ ունի օրենքի հետ: Եվ երբ լրագրողները պնդեցին հարցը, վրդովվեց՝ մի հատ հանգիստ իմ հետ խոսեք, ձեններդ մի բարձրացրեք… Անիմաստ բաներ եք ասում:
Հաջորդիվ Լևոն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նույն երեխայից փորձեց ճշտել վերջինիս ծնողի գտնվելու վայրը:
Այնուամենայնիվ, ներկա լրագրողները կրկին փորձեցին ոլորտը համակարգող փոխքաղաքապետից ճշտել՝ ո՞ր ընթացակարգով են փոխում գործող ժ/պ-ին: Նորից լսեցին՝ գործող ընթացակարգով: Թե ո՞ր ընթացակարգով, չմասնավորեցրեց, իսկ երբ լրագրողներն արձանագրեցին՝ փոխքաղաքապետը տեղյակ չէ օրենքից, նեղացավ՝ չէ, տեղյակ չեմ, մենակ դուք եք տեղյակ:
Ի վերջո, որոշեցին աշխատանքային խումբ կազմել 5-ական ծնողներից և ուսուցչական կազմից ու բարձրանալ վերև՝ փոխքաղաքապետի հետ առանձին զրուցելու:
Գործող ժ/պ Տաթևիկ Մելքոնյանն աշակերտներին խնդրեց տուն գնալ: Լրագրողներին թույլ չտրվեց մասնակից դառնալ հանդիպմանը: