Ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը. Վահե Գևորգյան

«Ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը: Առաջին՝ սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից, և երկրորդը՝ դա այն գործիքակազմը, շանտաժի լեզուն է, որն օգտագործվել է ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ խոսելով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին:

Ավագանու անդամն ընդգծեց՝ այս քվեարկության արդյունքների օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվում։

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, կան վկայություններ, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Հարգելի երևանցիներ, այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով: Ստիպել են կամ վայր դնել մանդատը կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,- ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ ավագանու երկու անդամներ՝ Լուսինե Մխոյանն ու Գրիգորի Երիցյանը, բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանն իրենց շանտաժի են ենթարկել։

«Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող, և ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է: Պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են տարբեր ճնշման լծակներ կիրառելով՝ ավագանու անդամներին դրդել բոյկոտի, զրկել երևանցիներին նոր տրանսպորտային համակարգից՝ վտանգի ենթարկելով տրանսպորտային համակարգը: Պարզ դարձավ, որ նրանց համար անձնական շահը, կարիերան վեր է դասվում ազգային շահից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս