Ըստ օրենքի՝ պետք է Ադրբեջանը հեռացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից. Հայաստանն այդ հարցն առաջ չի բերել և չի բերում. հայագետ
Եվրախորհրդարանը մարտի 9-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին (2022/2582(RSP) բանաձևը, որտեղ ներկայացված են բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, ինչպես նաև նշված է, որ մշակութային, կրոնական կամ ազգային ժառանգության ցանկացած հուշարձանի կամ օբյեկտի ոչնչացումը կամ պղծումը խախտում է Եվրոպական միության սկզբունքները:
Ընդգծվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական՝ նկատի ունենալով, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից զգալի չափերով և միտումնավոր վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծման, ինչպես նաև ավերման, գործառույթի փոփոխության կամ հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների և գերեզմանատներին հասցված վնասը, ինչպիսիք են՝ Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցին. նկատի ունենալով, որ նախագահ Ալիևը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցելության ժամանակ «խոստացել է» հեռացնել դրա հայերեն արձանագրությունները։ Մինչդեռ, ինչպես նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին հռչակագրում, մշակութային ժառանգությունը համայնքների, խմբերի և անհատների մշակութային ինքնության և սոցիալական համախմբման կարևոր բաղադրիչ է, այնպես որ, դրա միտումնավոր ոչնչացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու արժանապատվության և մարդու իրավունքների վրա, քանի որ մշակութային ժառանգության վայրերի, արտեֆակտների և արժեքների ոչնչացումը հրահրում է հասարակությունների միջև ռազմական գործողությունների, խթանում է փոխադարձ ատելությունն ու դրդում ռասայական նախապաշարմունքների:
Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր հրամանում նշել է, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով և արտեֆակտներով: ԵԽ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը. ընդունում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է հայատյացության համակարգված, պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող, ներառյալ՝ անմարդկային վերաբերմունքը, բռնության հերոսացումը և տարածքային պահանջատիրությունը Հայաստանի Հանրապետության դեմ, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգության պահպանմանը Հարավային Կովկասում:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, ԻԿՈՄՕՍ/Հայաստան կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ միայն կոչերով հարցը չի լուծվելու. «Քանի՞ տարի է՝ կոչ ենք անում: Ջուղայի խաչքարերն էլ որ ավերեցին՝ կոչ արեցինք, ի՞նչ օգուտ: Խաղաղապահներին տրված մանդատի մեջ մտնում է անվտանգության ապահովությունը, ճի՞շտ է, հետևաբար՝ մտնում է նաև մշակութային ժառանգության ապահովությունը: Սա ևս պետք է ամրագրեին որևէ կետով: Երբ ավերվեցին Ջուղայի խաչքարերը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից պետք է հանձնաժողով գար, անգամ ծրագիր կար մշակված, բայց էլի չեկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գյուրջյանը:
Հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան Արգամ Այվազյանն էլ նկատեց. «1998-2006 թվականներին, երբ Նախիջևանի տարածքում մեր հուշարձանները հիմնահատակ ավերում էին, Հայաստանի իշխանությունները պարզապես պապանձվել էին: Ոչ մի քայլի չդիմեցին: Նախիջևանի տարածքում 27.000-ի չափ հայկական նյութական ժառանգություն Նախիջևանի տարածքում հիմնահատակ վերացրեցին, եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների տեղ կառուցեցին մզկիթներ, ու մենք բացարձակապես ոչինչ չարեցինք: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասարակական կազմակերպություն է, ոչինչ չի կարող անել: Առ այսօր հայ ժողովրդին չհաջողվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ միջազգային որևէ կազմակերպության միջոցով դատապարտել, պատասխանատվության ենթարկել պետականորեն իրականացված մշակութային այս վանդալիզմը կատարելու համար: Մենք Ադրբեջանին այդ ժամանակվանից, այսպես ասած՝ իրավունք տվեցինք, և հիմա նույն բանը կրկնվում է Արցախում:
Ոչինչ չկարողացանք առ այսօր անել: Մի փաստ բերեմ. Հայաստանն էլ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, Ադրբեջանն էլ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրությամբ՝ բոլոր պետությունները պարտավոր են իրենց տարածքում այլ ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները պահպանել, իսկ Ադրբեջանը ոչնչացնում է: Ըստ օրենքի՝ պետք է Ադրբեջանը հեռացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից: Հայաստանն այդ հարցը առաջ չի բերել և չի բերում, ու այսօր էլ Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձաններն է ավերում»:
Արգամ Այվազյանն ընդգծեց՝ կազմակերպություններ, անհատ գործիչներ կարող են հայտարարություններ անել, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը շարունակի հայկական նյութական, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու իր քաղաքականությունը:
«Մենք տասնամյակներ շարունակ չենք գործել այս ուղղությամբ: Օտար լեզուներով գրքեր չենք հրատարակել: Ադրբեջանում Ալիևի հիմնադրամ կա, 20 տարուց ավելի գործում է, որի միջոցներով պետականորեն հակահայկական, հակագիտական գրականություն է հրատարակում Հայաստանի մասին և տարածում: Հայկական կողմն այդ ուղղությամբ բացարձակ ոչինչ չի անում: Ձևակերպված չէ՝ գիտականորեն ներկայացնել Արցախի խնդիրը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը… Կան անհատներ, ովքեր Հայաստանում այս կամ այն չափով գիտականորեն ինչ-որ ուսումնասիրություններ են կատարում, բայց դրանց հրատարակման համար էլ միջոցներ չկան: Լավագույն դեպքում, եթե հրատարակում էլ են, ապա հայերեն ու 200-300 օրինակ»,- եզրափակեց հայագետը: