Ռուսաստանն արգելել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը

Ռուսաստանը, ի պատասխան իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների, «սև ցուցակում» է ներառել Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

«Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությունը գերազանցում է բոլոր սահմանները: Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Բրյուսելը զանգվածաբար և կամայականորեն միակողմանի սահմանափակումների ենթարկեց Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենական ընկերություններին»,-ասված է հայտարարությունում:

Ապա գերատեսչությունից նշել են, որ ի պատասխան ԵՄ զանգվածային պատժամիջոցների, ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը ՌԴ տարածք՝ «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի համաձայն արգելվում է:

«Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, այդ թվում՝ եվրոպացի մի շարք հանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը, որոնք հակառուսական քաղաքականություն են քարոզում»,-ասված է հայտարարությունում:

Ռուսական «սև ցուցակը» ներառում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական գործիչների և լրատվամիջոցների աշխատակիցների, որոնց ռուսական կողմը մեղադրում, պատասխանատու է համարում հակառուսական պատժամիջոցների խթանման, ռուսաֆոբիայի տրամադրություններ հրահրելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս