«Նիկոլ Փաշինյան, ես իմ երեխուն չե՛մ ծախում»․ սևազգեստ մայրերին առաջարկել են 19.500 եվրոյի դիմաց հայցը ետ վերցնել ՄԻԵԴ-ից
Տիկին Իրինային, Նանային և Գոհարին մինչև 2020 թվականի մարտ ամիսն ամեն հինգշաբթի՝ Կառավարության նիստի օրերին, պարտադիր հանդիպում էինք Կառավարության շենքի մոտ՝ ձեռքներին իրենց մահացած կամ սպանված որդիների լուսանկարները։
Տարիներ շարունակ այս կանայք պայքարել են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների սպանությունները, մեղավորները պատժվեն։
2020 թվականի մարտի 8-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում ընդունել էր Զինված ուժերում տարբեր տարիների սպանված զինծառայողների ծնողներին, առաջարկել ձևավորել զինծառայողների մահվան հանգամանքները քննող այլընտրանքային խումբ։
2 տարվա դադարից հետո սևազգեստ մայրերն այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց էին:
2010 թվականի դեկտեմբերի 17-ին Հադրութի N 38401 զորամասում մահացած հայտնաբերված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որդու մահվան պաշտոնական վարկածը եղել է գլխուղեղի ուռուցքը, սակայն դա ընդամենը գործը «փակելու» համար էր, կասկածում է մայրը.
«Իմ տղան Հադրութում սպանված է եղել, 6 ժամ իմ տղան Ստեփանակերտում ընկած է եղել, հետո բերել են Մուրացանի հոսպիտալ, մինչև դեկտեմբերի 21-ը պահել են, իբրև իմ տղան կոմայի մեջ է, վիրահատություն են արել, այնինչ իմ տղային հոսպիտալում տաք օդ են տվել․․․ Ես, որ լացում էի, տղայիս ուզում էի պաչել, արցունքս ընկնում էր վրան, ինձ հոսանք էր խփում, բայց ինձ ասում էին՝ կարող է՝ աչքիդ է թվում, բայց չէ, օրը 10-20 անգամ մտել եմ, հոսանքը խփում էր ինձ․․․ հոսանք էին միացրել, իբրև թե իմ տղան ոչ թե Հադրութում է մահացել, այլ հոսպիտալում, այնինչ իմ տղային սպանել էր իր հրամանատարը՝ Ջհանգիրյան Մարտինը»։
Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր որդին ծառայել է Ստեփանակերտի N 39138 զորամասում։ Նրա որդին էլ մահացել է 2010 թվականի մարտի 15-ին․
«Իմ տղային մահացած բերեցին տվեցին մեր ձեռքը, պաշտոնական վարկածը դրեցին՝ ինքնասպանության հասցնել։ Մինչև այսօր իրենք չեն կարողանում ապացուցել իրենց վարկածը, որովհետև իմ տղայի վրա հետքեր կային, որոնք հակառակն են ապացուցում՝ իմ տղային խեղդել են, հետո կախել են»։
Տիկին Նանան ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ձևավորվել է իրենց որդիների մահվան հանգամանքները քննող 6 հոգանոց խումբը, և բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, եզրակացությունները ևս կան, սակայն դրանց ընթացք չի տրվում․
«Արդեն 7 ամիս է՝ այդ խորհրդատվական եզրակացությունը տվել են մեզ, վարչապետի մակագրությամբ գնացել է Գլխավոր դատախազություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե, բայց արդեն 7 ամիս է՝ ոչինչ չեն անում․․․»։
2007 թվականի Կարճաղբյուրի զորամասում մահացած հայտնաբերված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ տիկին Գոհարը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որդու մահվան պաշտոնական վարկածը եղել է էլեկտրահարումը, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսքան տարիների իրենց պնդումները ճիշտ են եղել, որդուն սպանել են․
«Ես իմ երեխուն ուղարկել եմ բանակ, որ գլուխն ուտեք, ու ոչ մեկը պատասխան չտա՞։ Դրա հեղինակներն են կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանը՝ իր թիկնապահներով։ 11 ամիս է, խորհրդատվական եզրակացությունը քննչական մարմինների մոտ է՝ հանձինս՝ Գլխավոր դատախազի։ Հենց այդ նույն օրը՝ 2021 թվականի մայիսի 11-ին, այդ 150 էջանոց խորհրդատվական եզրակացությունը եղել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեղանին․․․ Այսօր եկել ենք Կառավարություն և պարոն Փաշինյանից պահանջում ենք, որպեսզի այդ խորհրդատվական եզրակացության ճակատագիրը որոշի․․․»։
Սևազգեստ մայրերը 168.am-ի հետ զրույցում նաև հայտնեցին, որ իրենց որդիների սպանություններիր գործերը ՄԻԵԴ-ում են, սպասում են վճռին, բայց․
«Եվրոպայից ստանում եմ գրություն, որ՝ ձեր Կառավարությունը միակողմանի որոշում է կայացրել, որ որպես փոխհատուցում՝ ձեզ գումար է տալիս, համաձա՞յն եք՝ քրեական գործը հանենք ցուցակներից։ ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, ես իմ երեխուն չե՛մ ծախում։ Ես սպասում եմ ՄԻԵԴ-ի վճռին, որ այդ վճռով դուք կատարեք ձեր պարտականությունները։ Մինչև ՄԻԵԴ-ից նման գրություն ստանալը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ինձ առաջարկել է 19500 եվրո, որ ես հաշտության գնամ ու դիմումս Եվրոպական դատարանից վերցնեմ, բայց մենք համաձայն չենք․․․»։
Տիկին Նանան ասաց, որ իրենց ևս գումար են առաջարկել, սակայն կրկին մերժել են այդ առաջարկը․
«Պետք է պատժվի՛ հանցագործը, իմ երեխու սպանողը մինչև չպատժվի, չեմ հանգստանա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում