Մարտունու ավագ դպրոցը մասնակցել է աշակերտական հանրապետական գիտաժողովին
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցն իր հետազոտական խմբով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպված «Սասնա ծռեր»-ը՝ որպես գոյի բանաձեւ», աշակերտական հանրապետական գիտաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ավագ դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը, գիտաժողովն անցկացվում էր «Հայ մարդու հոգեբանության, արժանապատվության, հայրենասիրության, արժեհամակարգի բացահայտումը «Սասնա ծռեր» էպոսում» թեմայով։ «Մեր հետազոտական խումբը փայլուն հանդես եկավ՝ նվաճելով առաջին կարգի դիպլոմ, ընծայագրեր եւ գիտաժողովի խորհրդանիշը՝ «հայ ժողովրդի Գոյի ծառը» հուշանվերը։ Հետազոտական աշխատանքը իրականացրել են 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներ Աբրահամ Դարբինյանը, Մայա Ջամալյանը, Մագդալենա Մանուկյանը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Կարապետյանի ղեկավարությամբ։ Ողջունելի են նման նախագծերը, որոնք խթանում են սովորողների հետազոտական, վերլուծական կարողություններն ու հմտությունները, ամրապնդում տարբեր դպրոցների համագործակցությունը։Այս աշխատանքը Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցում ազդարարեց նախագծային ուսուցման սկիզբը։
Հաջորդ գիտաժողովի կազմակերպման իրավունքը նվաճեց մեր դպրոցը, եւ շուտով սիրով կհյուրընկալենք հանրապետության այլ դպրոցների՝ ամրապնդելով նույն օրը մասնակից դպրոցների միջեւ կնքված համաձայնագրի՝ համագործակցության, փորձի փոխանակման, միջոցառման շարունակականության սկզբունքները»,-ներկայացրեց Վարդան Ավետիսյանը։
Խոսրով Խլղաթյան