Ո՞ր դեպքում ԵՊՀ աշխատողները լրավճար կստանան. նոր որոշում
ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը:
«Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ ռեկտորի աշխատավարձը 570.000 դրամից բարձրացրել է 1 մլն 23.000 դրամ: Ամեն ամսվա համար սահմանվել է 300.000 դրամ լրավճար: Պրոռեկտորների աշխատավարձը 495.000 դրամից բարձրացրել է 837.000 դրամ, դրանից բացի՝ սահմանվել է ամեն ամիս ևս 250.000 դրամ լրավճար: Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440.000 դրամից բարձրացրել է 511.000 դրամ, դրան գումարած՝ ամեն ամիս ևս 200.000 դրամ լրավճար: Վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացվել, կա՛մ բարձրացվել են ոչ ավելի, քան 15%-ով: Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 341.000 դրամ, գիտությունների թեկնածու, դոցենտ դասախոսը՝ 284.000, գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսը՝ 200.000 դրամ:
ԵՊՀ հանրային կապերի և մարքետինգի վարչության ղեկավար Ազնիվ Գրիգորյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ հայտնեց. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից մի քանիսի առաջարկով աշխատավարձերի գոյացման գործակիցներ են սահմանվել ԵՊՀ բոլոր աշխատողների համար։ Արդյունքում՝ տեղի են ունեցել նաև աշխատավարձերի փոփոխություններ։ Որոշումն ընդունվել է»:
Հավելենք՝ որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 42-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 2.4 կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի խորհուրդը որոշել է հաստատել հիմնադրամի 2022թ. փետրվարի 18-ի թիվ 18-Լ որոշմամբ հաստատված կառուցվածքում և հաստիքացուցակում լրացումներն ու փոփոխությունները: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ բացառությամբ «Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ստորաբաժանման կրտսեր գիտաշխատողի և ճարտարագետի կրճատվող հաստիքների, ինչպես նաև «Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոն» ստորաբաժանման գիտական ղեկավարի պաշտոնի փոփոխության, որոնք ուժի մեջ են մտնում ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտի հաջորդ օրվանից»:
Մեր հաջորդ հարցին՝ ճի՞շտ է, որ ամբիոններում օպտիմալացման գործընթացներ են տեղի ունենում, այդ թվում՝ ամբիոնների միավորումներ, և, եթե՝ այո, ապա սա ենթադրո՞ւմ է աշխատակազմի կրճատում, նա պատասխանեց.
«Միավորման հարցը քննարկվել է ԵՊՀ ֆակուլտետների ԳԽ նիստերի ժամանակ, և որոշումը կայացրել են ֆակուլտետների գիտական խորհրդի անդամները։ Արդյունքում՝ կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ, այդ հարցը հոգաբարձուների խորհրդի լիազորությունների դաշտում է։ Ես նման տեղեկություններ չունեմ»:
ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը փետրվարի 24-ին հաստատման է ներկայացրել Երևանի պետական համալսարանի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ):
Ներկայացված նախագիծը սահմանում է ԵՊՀ աշխատողներին գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար լրավճարի վճարման ընթացակարգը և չափերը:
Ծավալված քննարկումներից, հնչած առաջարկություններից և պարզաբանումներից հետո Գիտական խորհուրդը հաստատել է ներկայացված կարգը, որտեղ կներառվի նաև ԵՊՀ հրատարակչության ղեկավար Կարեն Գրիգորյանի առաջարկությունները՝ առանձին ներկայացնել ԵՊՀ այն պարբերականները, որոնք ունեն առնվազն հիսուն տոկոս արտասահմանյան անդամներ և հրատարակվում են անգլերենով, բացի դրանից՝ ԵՊՀ-ի կողմից հրատարակվող անգլերեն մենագրություններին նույնպես տալ առանձին կարգավիճակ: