Հայ դպրոցականների նախագիծը 915 հայտերի մեջ լավագույնն է․ Ռոբոարտ 2022
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։
Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։
«Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, մասնակցելով «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգին, արժանացել է ոսկե մեդալի՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը։
«Ռոբոարտ 2022 համառուսաստանյան միջշրջանային մրցույթ-փառատոնին մասնակցել ենք «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգում՝ ներկայացնելով «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգը»։
Ջերմոցի ղեկավարման համակարգը հաշվի է առնում հողի խոնավության աստիճանը, եղանակային պայմանները և օգտագործելով մուտքագրված կարգավորումները, ավտոմատ ջրում է հողը, հովացնում ջերմոցի օդը կամ միացնում ջեռուցում։ Համակարգը նաև գրանցում է աշխատողների մուտքի և ելքի ժամանակը՝ ամփոփ ներկայացնելով այդ տվյալները։ Գրանցվում և պահպանվում են նաև ջրելու ժամանակի վերաբերյալ տվյալները։ Եթե ջրի պաշարը բավարար չէ, ավտոմատ էլեկտրոնային նամակ է ուղարկվում նախօրոք մուտքագրված հասցեին։ Հնարավոր է հեռավար հետևել ջերմոցի աշխատանքին և ղեկավարել այն։ Ղեկավարման ծրագիրը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։
Մրցակցությունը բավականին մեծ էր, քանի որ ներկայացվել էր 915 մասնակցության հայտ չորս երկրից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, սակայն մեզ հաջողվեց պատվով ներկայացնել մեր երկիրը:
Թեև կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցույթը կազմակերպվել էր առցանց, սակայն տպավորությունները շատ էին։ Մեծ հետաքրքրությամբ մասնակցեցինք կազմակերպվող էքսկուրսիաներին, որտեղ տեսանք ռոբոտներ ստեղծող և կիրառող արտադրամասեր։ Հաճույքով շփվեցինք միջազգային կարգի մասնագետների հետ՝ օգտակար խորհուրդներ ստանալով և խորացնելով մեր գիտելիքները։ Չնայած ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն էկրանի ետևում էին, սակայն մեր լարվածությունն ու ապրումներն առցանց չէին։ Մեծ էին հուզմունքն ու հպարտությունը, երբ մրցանակաբաշխության ժամանակ, որպես ոսկե մեդալի հավակնորդի, հնչեց մեր երկրի ու թիմի անունը։ Հենց դա է ոգևորում մեզ, մղում կանգ չառնել, շարունակել աշխատել ու ներկայացնել Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում։
Ցանկանում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել մրցույթի ողջ կազմակերպչական թիմին՝ ի դեմս «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցի» տնօրեն Ալեքսեյ Ֆեդոտովի, այս պայմաններում բարձրակարգ մրցույթ կազմակերպելու, արդարացի պայքարի և ստացած փորձի համար, ինչպես նաև մեր դպրոցի տնօրինությանը և մեր խմբակավարներ Հասմիկ Ռոստոմյանին և Հարություն Ռոստոմյանին՝ մեզ աջակցելու համար»,- 168․am-ի հետ զրույցում նշում է Նարեկ Սարգսյանը։
Գևորգ Սարգսյանի խոսքով՝ տպավորությունները միանշանակ առավել թույլ էին, քանի որ մրցույթն անցկացվում էր հեռավար կարգով։
«Մրցակցությունը, ինչպես կամայական միջազգային մրցույթում, թեժ էր, սակայն գնահատող անձնակազմի արձագանքներից պարզ դարձավ, որ մեր պրոյեկտը նրանց շատ էր դուր եկել:
Տպավորությունները միանշանակ առավել թույլ էին, քանի որ մրցույթն անցկացվում էր հեռավար կարգով: Սեփական փորձից ելնելով՝ կարող եմ փաստել, որ առկա կարգով անցկացված առավել փոքրածավալ մրցույթներն առավել տպավորիչ էին զգացմունքների տեսակետից»,- նշում է Գևորգը։
Սիրարփի Աղաբաբյան