Ուրասարը, 3 օր է՝ հոսանքազրկված է, բուքը ճանապարհները փակել է ու վնասել է հոսանքալարերը

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Ուրասար գյուղն արդեն 3 օր  հոսանքազրկված է, դրան զուգահեռ՝ գյուղը գազիֆիկացված չէ, ինչը մեծ դժվարություներ է ստեղծել բնակիչների համար։

168.am-ին դիմած ուրասարցիների խոսքով, եթե գոնե գյուղում գազ լիներ, առանց էլեկտրաէներգիայի մի կերպ կկարողանային դժվարությունը հաղթահարել, բայց հիմա ո՛չ գազ ունեն, ո՛չ լույս, ու չգիտեն՝ ինչպես է խնդիրը լուծվելու։

168.am-ի հետ զրույցում Ուրասարի վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանն ասաց, որ այս պահին գյուղում հոսանք չկա, քանի որ մի քանի օր առաջ փոթորիկ էր եղել, ինչի հետևանքով հոսանքալարերը վնասվել են, փոթորիկը փակել է նաև ճանապարհները, այդ պատճառով էլ մինչև այս պահը չեն կարողացել խնդիրը լուծել։

«Ճանապարհները պետք է կարողանային բացել, որ մարդիկ գնային, հոսանքալարերը սարքեին, 3 օր շարունակ տեխնիկաները ճանապարհների վրա աշխատում են՝ ձյունը մաքրելու համար, բուքն ամբողջ ձյունը բերել ու լցրել է ճանապարհներին։ Այսինքն՝ մինչև Ուրասար ճանապարհ կա, բայց Ուրասարից դեպի Կաթնաղբյուր ճանապարհ չկա, հոսանքալարերի հետ կապված խնդիրը հենց այդ հատվածում է առաջացել։ Հիմա ճանապարհը բացում ենք, որ հասնենք այդ կետին։  Մինչև այս պահը ճանապարհի կեսն ենք բացել, տեխնիկաներն աշխատում են, որ գոնե մինչև ժամը 15։00-ն կարողանանք ամբողջությամբ բացել։

«Էլեկտրական ցանցերի» հետ եմ խոսել, արդեն ուղարկել են մասնագետներ, որոնք տեղում կաշխատեն։ Միայն մեր գյուղում չէր այդ խնդիրը, հարակից մի քանի գյուղեր զրկված էին էլեկտրաէներգիայից, որովհետև իսկապես լուրջ փոթորիկ էր ու լուրջ վնաս էր տվել»,- նշեց Ուրասարի վարչական ղեկավարը։

Ինչ վերաբերում է գազիֆիկացմանը, Գևորգ Մանուկյանն ասաց, որ մշտապես քննարկում են հարցը, որպեսզի կարողանան հովանավորի միջոցով կամ պետական ֆինանսավորմամբ գյուղը գազիֆիկացնել։

«Ամեն ինչ հերթով անում ենք, գյուղի մշակույթի տունը շատ վատ վիճակում էր, մեծ գումար ենք դրել, որ դա սարքենք, մարդիկ պետք է համբերություն ունենան, ամեն ինչ հերթով կանենք։ Գյուղում մանկապարտեզ չունեինք, հիմա սարքում ենք։ Եղանակները մի քիչ տաքանալուց հետո նաև ճանապարհներն ենք սարքելու։ Մեկն ավարտենք, մյուսը կանենք»,- եզրափակեց Գևորգ Մանուկյանը։

Նշենք, որ Ուրասարն ունի մոտավորապես 380 բնակիչ։

Տեսանյութեր

Լրահոս