Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խնդիրների շրջանակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից: Այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը:

«Եվրամիությունը Բրյուսելում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ առաջ մղելու համատեղ ջանքերը՝ գտնելու երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծումները: Մասնավորապես, քննարկումները կենտրոնացել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ից հայտնել են, որ առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառել են նաև առանձին երկկողմ հանդիպումներ Գրիգորյանի և Հաջիևի միջև, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների ամբողջական շրջանակը, ինչպես նաև քաղաքական ու անվտանգային իրադրությունը՝ որպես շարունակություն երկու երկրների առաջնորդների և Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների:

Մասնակիցները համաձայնել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները: «Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել՝ շարունակելու իր ներգրավվածությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս