Առաջնորդության բացակայություն, ձախողված պետություն

Կառավարման, ղեկավարման ու առաջնորդության միջև կան էական ու սկզբունքային տարբերություններ։ Եթե կառավարումը կամ ղեկավարումը ենթադրում է ընթացիկ խնդիրների լուծում, համակարգում, ապա առաջնորդությունն ավելի լայն ընդգրկում ունի և վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան՝ ներկա իրողություններին, որքան ապագային, հեռանկարներին, տեսլականներին։ Դա տեղի ունի ոչ միայն առանձին կազմակերպությունների, բիզնես միավորների, այլ առաջին հերթին՝ պետությունների պարագայում։

Ուղղակի կառավարմամբ կամ ղեկավարությամբ ապրող պետությունները լավագույն դեպքում գոյատևում են՝ հաճախ առանց հեռանկարի ու զարգացման, այն դեպքում, երբ  առաջնորդություն ունեցող երկրները լուծում են ոչ միայն ընթացիկ խնդիրներ, այլ նաև ունեն իրենց զարգացման վեկտորը, տեսլականներն ու դրանց համապատասխան ռազմավարությունը։ Հայաստանի պարագայում առաջնորդության մասին խոսելը ոչ միայն լուրջ չէ, այլ կարող է անգամ մեղսունակության հետ կապված կասկած հարուցել։

Հայաստանն ապրում է բացառապես ընթացիկ խնդիրների լուծման ռեժիմում, ընդ որում, դրանք լուծվում են հնարավոր ամենավատ ձևով։

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն իրականում զբաղված են հանրային միջոցների մեխանիկական բաշխմամբ՝ պետության առջև ծառացած խնդիրների ընդամենն օպերատիվ լուծման նպատակով։ Իհարկե, այդ բաշխումն ընթանում է հատկապես ու առանձնապես սեփական շահերի հաշվառմամբ, բայց դա տվյալ խնդրի շրջանակներում երկրորդական է։

Կարդացեք նաև

Հայաստանն ապրում է զուտ ծրագրային ապահովման ռեժիմում, իշխանությունն ունի, լավագույն դեպքում, ընդհանուր կամ ոլորտային ծրագրեր, բայց ոչ ռազմավարություն կամ տեսլական։ Որովհետև տեսլականի ու ռազմավարության համար անհրաժեշտ է գաղափար, որից այս իշխանությունն ամբողջությամբ զուրկ է և ազնվորեն խոստովանել է դրա մասին՝ հայտարարելով, որ չի դավանում որևէ իզմ-ի։ Իսկ առանց իզմ-ի չի կարող լինել գաղափար, առանց որի էլ հնարավոր չէ ունենալ տեսլական ու այն սպասարկող ռազմավարություն։ Հայաստանի այսօրվա տապալումը կամ ձախողումը, ի թիվս այլ պատճառների, իսկ գուցե գլխավորապես առաջնորդության բացակայության հետևանք է։

Առաջնորդություն ունեցող պետությունը չէր կարող հայտնվել այն, ընդհուպ գոյաբանական սպառնալիքի առջև, որի առջև այսօր կանգնած է Հայաստանը։ Եվ պատահական չէ, որ եթե առողջ հասարակություններում հանրային-քաղաքական դիսկուրսում գերակայում է «ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ» հարցը, ապա հայկական իրականության մեջ այսօր հառնել է «իսկ պետություն ուզո՞ւմ ենք ունենալ ընդհանրապես» հարցադրումը, որը, ցավոք, ոչ միայն հռետորական չէ, այլ արդեն առարկայական է վտանգավորության աստիճանի։

Իրականում առաջնորդության խնդիրը միայն հայկական չէ։ Աշխարհի շատ պետություններ այսօր կանգնած են առաջնորդության ճգնաժամի առաջ։ Բայց մեր ու նրանց տարբերությունն այն է, որ այդ պետություններում իշխանությունների չունեցած առաջնորդությունն այս կամ այն ձևաչափով փոխհատուցվում է առաջնորդության այլ դրսևորումներով, որոնք առկա են հանրային տարբեր շերտերում, ընդհանուր առմամբ՝ վերնախավերում կամ այն հարթությունում, որը հիմա ընդունված է անվանել «խորքային պետություն»։

Հայաստանում, սակայն, առաջնորդությունից զուրկ են ոչ միայն իշխանությունները, այլ նաև վերնախավերը, իսկ խորքային պետություն կոչվածը մեր պարագայում ընդհանրապես բացակայում է։ Երևի նաև այն պատճառով, որ հիմա կանգնած ենք անգամ մակերեսային պետության վերջին մնացորդները կորցնելու սպառնալիքի առջև։

Տեսանյութեր

Լրահոս