Գերմանիան գործողությունների պլան է գործարկել ի դեպս ՌԴ-ից գազի մատակարարումների դադարեցման
Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան՝ ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումների: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին:
«Ռուսական կողմից ստացվել է մի քանի հայտարարություն այն մասին, որ եթե դա (ռուբլով վճարումները) տեղի չունենա, այդ ժամանակ մատակարարումները կդադարեցվեն: Այսպիսի իրադրությանը պատրաստ լինելու համար ես այսօր ակտիվացրել եմ նախազգուշացման առաջին մակարդակը»,-ասել է նա: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ի կառավարությունը նախաձեռնել է այդ պլանի հնարավոր երեք փուլերից առաջինը:
Այդ փուլի շրջանակներում կստեղծեն օպերատիվ խումբ, որն ամենօրյա հանդիպումներ կանցկացնի գազի մատակարարումների հետ կապված իրադրությանը հետեւելու համար: Հաբեքն իր կողմից կոչ է արել Գերմանինայի ընկերություններին եւ սպառողներին՝ օգնել նվազեցնելու էներգիայի օգտագործումը: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նաեւ նշել է, որ ներկա դրությամբ երկրում գազի պահեստարանների լցվածության մակարդակը կազմում է մոտավորապես 25 տոկոս:
Հաբեքի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություն տվեց, որպեսզի ռուսական գազի դիմաց դոլարով եւ եվրոյով վճարումները փոխարինվեն ռուբլով: Մեկնաբանելով Արեւմուտքի կողմից հնչեցված քննադատությունը, որը վերաբերում է Եվրոպայի երկրների գազի մատակարարումների դիմաց վճարումները ռուբլով կատարելու ՌԴ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է, որ «մենք անվճար գազ չենք մատակարարելու Արեւմտյան Եվրոպային», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: