Բաժիններ՝

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում բացառիկ վիրահատությամբ պահպանվել է 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան

Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ:

Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում:

Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի՝ հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով):

Հաշվի առնելով ախտորոշումը՝ մարտի 29-ին բուժառուին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան:

«Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել: Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան»,- մանրամասնել է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծել է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում:

Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում:

Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով՝ նա կոչ է արել կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել  տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս