Պետք է հասկանալ՝ կլասիկ խաղաղապահ ուժերը իրավունք չունեն ներգրավվել ռազմական գործողություններում․ Արթուր Խաչիկյան
«Իմ կարծիքով, պետք է հասկանալ, որ կլասիկ խաղաղապահ ուժերը չեն կարող և իրավունք չունեն ինչ-որ ռազմական գործողությունների մեջ ընդգրկվել»,- Հայկական օրակարգ. «Ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ընթացքում նման շեշտադրմամբ կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
Անդրադառնալով Արցախի անվտանգային մարտահրավերներին՝ քաղաքագետը շեշտեց, որ իր համոզմամբ՝ Հայաստանն այլևս չի զբաղվում Արցախի հարցով:
«Ես չեմ տեսնում ինչ-որ գործողություններ, որոնք կարող են ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Եվ այն, ինչ տեսանք վերջին շաբաթվա ընթացքում, հայաթափության առաջին քայլերն են, որոնք ձեռնարկվում են հակառակորդի կողմից, և եթե ճիշտ պատասխան չտրվի այս քայլերին, դա շարունակվելու է:
Եվ իրադրությունը հակառակորդի դեպքում հարմար է դրա համար, որովհետև Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և անընդհատ փորձում է Թուրքիային դարձնել իր դաշնակիցը՝ անջատել Արևմուտքից, դա ստեղծում է մի վիճակ, որտեղ մենք շրջապատված ենք երկու կողմից»,- տեսակետը հիմնավորեց Արթուր Խաչիկյանը: