«Մենք լավ չենք պատկերացնում՝ ինչ է նշանակում լինել մշտական գնդակոծության տակ». Վահե Հովհաննիսյան

Այսօր Հայկական օրակարգի հերթական քննարկումը «Ներքին համերաշխություն, հայկական աշխարհ, համահայկական ռեսուրս» խորագրով էր:

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ հետպատերազմյան իդենտիֆիկացիոն ճգնաժամին, համահայկական օրակարգի բացակայությանը, այդ հարցում ընդդիմության ձախողմանը:

«Արցախյան պատերազմն իսկապես խորը իդենտիֆիկացիոն ճգնաժամ առաջացրեց  հայկական աշխարհում, որի էությունը հետևյալն էր՝ այն, ինչ միավորում էր, լավ թե վատ, ուժեղ թե թույլ, այդ միավորող համակարգը՝ հաղթանակը  և անկախ Հայաստանը, փլուզվեց: Եվ պարզվում է, որ շատ դժվար է միավորվել պարտության շուրջ: Հայկական աշխարհի փլուզումն Արցախյան պատերազմից հետո սրընթաց էր,- նշեց Վահե Հովհաննիսյանը, ապա մանրամասնեց, թե ինչ քայլեր էին անհրաժեշտ այդ ընթացքը կանխելու համար,- Պատերազմից, փլուզմից հետո հայրենիքը պետք է առաջարկեր նոր օրակարգ, կամ գոնե քննարկումներ նոր օրակարգի մասին:

Այս ուղղությամբ արվել է 0 գործ. ոչինչ չի արվել:

Նոյեմբերի 9-ից հետո դա կարող էր և, թերևս, պարտավոր էր անել ընդդիմությունը, այսինքն՝ այն ուժը, որ պետք է գար իշխանության, բայց ես ցավով պետք է նշեմ, որ այդ ուժը, այդ միավորումները չտեսան այդ գաղափարի կարևորությունը և իրենց մեջ չունեցան այդ առաքելությունը»:

Անդրադառնալով համահայկական միասնականությանն ուղղված նոր մարտահրավերին՝ ուկրաինական ճգնաժամին, վերլուծաբանը նշեց.

«Այստեղ շատ հետաքրքիր իրականություն է ստեղծվել, որի մասին քիչ ենք խոսում. պատմական ողբերգությունների հետևանքով  հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է հայրենիքում, մի զգալի մասը՝ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, և երբ աշխարհը հիմա գնում է սուր, արժեհամակարգային բարիկադավորման, ժողովուրդները գտնվում են այդ բլոկների քարոզչության, պրոպագանդայի տակ, հետևաբար՝ հայ ժողովրդի այն հատվածը, որն ապրում է ՌԴ-ում, գտնվում է ռուսական պրոպագանդայի տակ,  ԱՄՆ-ում ապրող հայությունը՝ ամերիկյան պրոպագանդայի տակ….

Մեր հարցը լրիվ այլ է. ավելին՝ նույնիսկ Արցախում ապրող հայը և Հայաստանում ապրող հայը էլի  տարբեր հարթություններում են այս սուր պրոբլեմին վերաբերվում, որովհետև այնտեղ ուղիղ կրակում են քո տան վրա, այստեղ դու կարող ես՝ Երևանի կենտրոնում նստած՝ մտածել, թե ինչ է կատարվում:

Ուկրաինական ճգնաժամը շատ լուրջ բարիկադավորման վտանգ է պարունակում հայկական աշխարհի համար,  և մենք իսկապես գտնվելու ենք շատ ազդեցիկ պրոպագանդիստական հոսանքների տակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս