Ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանում ինտերնետի հնարավոր անջատումները Հայաստանի վրա. պարզաբանում է մասնագետը

Ռուսաստանում ինտերնետի անջատումները Հայաստանի վրա զգալի ազդեցություն չեն ունենա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետ Գրիգորի Սաղյանը։

Սաղյանի դիտարկմամբ՝ ինտերնետն ունի երեք բաղադրիչ․ բուն գծերը՝ մալուխներ, հասցեավարման համակարգը և բուն տեղեկատվությունը։ Նա մանրամասնեց, որ բուն գծերով՝ մալուխներով, Հայաստանը միանում է համաշխարհային ինտերնետ կենտրոններին։

«Հայաստանն այսօր ինտերնետին միացած է երեք ուղղությամբ․ մի մալուխը միանում է Թբիլիսի, այնտեղից՝ Փոթի, հետո՝ Սև ծովի հատակով Վառնա, իսկ այնտեղից արդեն միանում է եվրոպական տեղեկատվական համակարգերին։ Մյուս ճանապարհը էլի Վրաստանով է։ Ստորջրյա մալուխը միացնում է Փոթի և Նովոռոսիսկ, որտեղից միանում ենք ռուսական տեղեկատվական աղբյուրներին»,- նշեց Սաղյանը։

Վերջինիս խոսքով՝ որպես պահեստային գիծ կարելի է դիտարկել նաև Իրանի տարածքով Մեղրի-Մարանդ միացումը։ Նա վստահեցրեց՝ անգամ եթե Ռուսաստանին անջատեն ինտերնետից, Հայաստանն առնվազն երկու այլընտրանքային կապուղի ունի։

«Մի գործոն էլ գոյություն ունի՝ Իլոն Մասկի «Սթարլինք» համակարգը, որը հնարավորություն է տալիս մատչելի գնով՝ այսօր արդեն ամսական 110 դոլարով արբանյակային ալեհավաքի միջոցով միանալ համակարգին, այնուհետև ինտերնետ կապին։ Նույն բանը չենք կարող ասել միջին ասիական հանրապետությունների մասին, նրանց մոտ այլընտրանք գործնականորեն շատ դժվար է գտնել»,- առանձնացրեց Սաղյանը։

Երկրորդ՝ հասցեվարման համակարգը ավելի լավ պատկերացնելու համար Սաղյանը այն օրինակով բացատրեց․

«Պատկերացրեք մեր մոտ տան հասցեները տալիս է քաղաքապետարանը, եթե հասցե չլինի, փոստատարը երբեք չի կարողանա հասցնել տեղեկատվությունը»,- մեկնաբանեց նա։

Փորձագետն անդրադարձավ նրան, թե ով է տալիս հասցեները և դոմենային անունները։ Դրանք շահույթ չհետապնդող ամերիկյան ICANN ընկերությունն է տրամադրում։ Բոլոր համակարգիչներին տրվում են IP հասցեներ և դոմենային անուններ։

«․am դոմենային անունը մենք ստացել ենք ICANN-ից։ .ru, .rf, .su դոմենային անունները Ռուսաստանը նույնպես ստացել է ICANN-ից։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առաջին օրերին նրանց կապի փոխնախարարը դիմել էր ICANN, որպեսզի նրանք հետ վերցնենք ․ru, .рф, .su անունները։ Դուք պատկերացրեք՝ ինչ վտանգ ու ինչ խառնաշփոթ կառաջանար այդ դեպքում։ ICANN-ը մերժել էր։ IP հասցեներ տրամադրող կապալառուն, որը Հայաստանին ու ԱՊՀ երկրների հասցեներ է տրամադրել, նույնպես հայտարարեց, որ չեն պատրաստվում IP հասցեները հետ վերցնել»,- նշեց Սաղյանը։

Բուն տեղեկատվությունը՝ բովանդակությունը, Չինաստանում կարգավորվում է կոմկուսի որոշումներով, Իրանում հոգևոր առաջնորդն է որոշում ինտերնետ բովանդակությունը։ Հայաստանում ինտերնետի լիարժեք ազատություն է, իսկ դաշտը կարգավորվում է օրենքներով։

Մասնագետը նշում է, որ Ռուսաստանում ինտերնետ բովանդակությունն այսօր կարգավորվում է «Ռոսկոմնադզոր»-ի կողմից։

«Երկու կազմակերպություններ՝ Լumen-ը և Cogent-ը Ռուսաստանին անջատել են իրենց գերարագագործ մալուխներից, բայց արևմտյան երկրները հասկանում են, որ ինտերնետն այսօր այն միակ միջոցն է, որով Ռուսաստանի քաղաքացիները կարող են ստանալ տեղեկատվություն»,- նշեց Սաղյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում «Ռոսկոմնադզոր»-ն է սահմանափակում ինտերնետի հասանելիությունը։

Սաղյանը խորհուրդ է տալիս հրաժարվել ռուսական էլեկտրոնային փոստի հասցեներից՝ mail.ru-ից, yandex.ru-ից՝ հաշվի առնելով հնարավոր վտանգները։ Նրա խոսքով ցանկալի չէ հոսթինգը Ռուսաստանում պահել. սահմանափակումների դեպքում վեբ-կայքերը անհասանելի կլինեն։ Սաղյանի խոսքով՝ բացի դա, ռուսական կայքերն անընդհատ գտնվում են DDoS հարձակումների տակ։

«Եթե օգտվում եք ռուսական ամպային ծառայություններից, ապա ցանկալի այն ևս տեղափոխել: DDoS գրոհները ոչ միայն գործարկվում են համակարգիչներով, այլև վիդեոխցիկներով, մոդեմներով և այլ խելացի տեխնիկաներով։ Այն ծրագրերը, որոնք հրամանից հետո սկսում են «ռմբակոծել» այս կամ այն կայքը, կոչվում են դրոններ։ Դրանք քնած սպասում են հրամանի։ Հենց հրահանգը տրվում է, ընտրվում են թիրախներ ու խոցվում»,- եզրափակեց Սաղյանը։

Տեսանյութեր

Լրահոս