«Լարսում 3500 բեռնատար և բազմաթիվ մարդատար մեքենաներ կան կուտակված, հերթեր են․ առաջիկա 20 օրերին այս վիճակն է լինելու». ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյան
Մարտի 29-ին, ժամը 12։00-ին Վերին Լարսի մաքսակետը, որը մի քանի օր փակ էր, բացվել է, որից հետո մարդատար և բեռնատար մեքենաները կարողացել են անցնել։
168.am-ի հետ զրույցում «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանն ասաց, որ, թեև Լարսը բաց է, սակայն այնտեղ մոտ 3500 բեռնատար և բազմաթիվ մարդատար մեքենաներ կան կուտակված։
«Ներսում միայն 3500 բեռնատար է կանգնած և բազմաթիվ մարդատարներ, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնությունից։ Վերին Լարսը նորմալ աշխատում է, սակայն մեծ հոսքի պատճառով առայժմ հերթեր են։ Լարսի հարակից 10 կիլոմետրանոց գոտին լիքն է, մեքենաները տարբեր վայրերում են կանգնած, ինքս մոտենում եմ վարորդներին, խոսում եմ, հասկանում, թե ով ինչի կարիք ունի։ Կարծում եմ՝ առաջիկա 20 օրերին այս վիճակն է լինելու, մինչև այս հերթերը կնոսրանան»,- նշեց Արամ Թանանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Վերին Լարսում նման իրավիճակ ստեղծվել է և՛ մարդկանց մեծ հոսքի, և՛ եղանակային պայմանների պատճառով։
«Եղանակի պատճառով Լարսը փակվել էր, հետո բացվեց, հետո նորից փակվեց։ Հուսամ, եղանակն այլևս չի վատանա, և այս հերթը մի քիչ կնոսրանա, մաքսավորները 3-4 հարյուր տոկոսանոց արդյունավետությամբ են աշխատում։ Կրկնում եմ՝ մարդատարները պարզապես շատ-շատ են, մարդիկ գալիս են նաև Ուկրաինայից, ովքեր անցնում են Վրաստան, այդ մարդկանց հոսքը չեն կարող արգելել։ Մեր վարորդները հանգիստ սպասում են իրենց հերթին, քաջաբար սպասում են ու հաղթահարում այդ դժվարությունները։
Մեր վարորդների համար պետք է արձան կանգնեցնեն՝ իրենց այս համբերատարության համար։ Ամիսներով կանգնում են, հիմա 1,5 ամսով կանգնածներ կան, նրանք ֆինանսական կորուստներ են ունենում, բայց կանգնում, սպասում են ու բեռը բերում-հասցնում Հայաստան։ Հիմա գծերի վրա կանգնած են՝ սննդամթերքով, դեղորայքով, հազար ու մի ապրանքով, ինչի կարիքը մեր երկիրն ունի։ Ինչ էլ ուզում է՝ ասենք, հիմնական ծանրությունն ընկած է վարորդների ուսերին, որոնք ոչ մի րոպե մեքենայից այն կողմ չեն գնում, մարդը բեռը չի կարող թողնել, չի կարող հեռու գնալ։ Բոլորը զանգում, ցավակցում են, ինչ-որ արտահայտություններ են անում, բայց կոնկրետ տուժողը վարորդն է։ Դե, մենք էլ աշխատում ենք, որպեսզի ժամանակին ամեն ինչ գա՝ հասնի»,- եզրափակեց Արամ Թանանյանը։