«Կառավարությունը, ժողովուրդը ոնց կորոշեն՝ թող այդ ձև լինի». Ծովագյուղի նախկին համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները շարունակում են պայքարել իրենց գյուղերը Սևան խոշորացված համայնքի կազմից հանելու և որպես առանձին համայնք ձևավորելու համար։

Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է, մարդիկ այս փուլում որոշել են խնդրի լուծումն այլ ձևով տալ․

«Սպասում ենք, տեսնենք՝ իրավական ճանապարհով հնարավո՞ր է լուծումը, այդ ձևով լուծենք․․․ Ես համայնքի ղեկավար չեմ, այս պահին որպես համայնքի բնակիչ եմ ասում, ինձ համար ճիշտն այն է, որ Ծովագյուղը չմնա Սևան խոշորացված համայնքի կազմում, բայց Կառավարությունը, ժողովուրդը ոնց կորոշեն՝ թող այդ ձև լինի»։

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները ձեր դեմ կարող են ճնշումներ գործադրել, ասենք՝ քրեական գործեր հարուցել, մտածելով, որ հենց դուք եք այս ակցիաների հետևում կանգնած, քանի որ լրատվամիջոցներն այսօր գրեցին, որ իշխանությունները, հնարավոր է՝ Ծովագյուղի համայնքապետի ու նրա մերձավոր շրջապատի նկատմամբ սկսեն ճնշումներ կիրառել, այդ թվում՝ գործեր կարելու ճանապարհով, Վահրամ Գևորգյանը կարճ պատասխանեց․

«Չէ, չունեմ այդպիսի խնդիր»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը՝ խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։

Նրանք այս ընթացքում բազմաթիվ ակցիաներ են անցկացրել, ճանապարհներ փակել, հայտարարել, որ ոչ մի դեպքում չեն գնալու զիջումների։

Տեսանյութեր

Լրահոս