Քաղաքներում, որտեղ եղել են հրթիռակոծությունները, հայեր չեն տուժել. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ
«Մենք չենք դադարում գործել. Օրը 24 ժամ աշխատում ենք: Երեկ երեկոյան մեծ հրթիռակոծություններ են եղել՝ ինչպես Լվովում, այնպես էլ՝ Ռովնոյի մարզում, Կիևում, Խարկովում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքներին, ապա մանրամասնեց,- Փառք Աստծո, երեկոյան էլ ենք խոսել, առավոտն էլ ենք կապվել։ Այն քաղաքներում, որտեղ եղել են հրթիռակոծությունները, հայեր չեն տուժել։
Հայ Առաքելական եկեղեցին հումանիտար օգնություն է ստացել, և արդեն, ըստ կարիքի, բաժանում ենք մեր համայնքներին՝ Խարկով, Պոլտավա, Զապարոժիե, որտեղ մեծ քանակությամբ փախստականներ կան՝ ազգությամբ հայեր, ուկրաինացիներ, հույներ»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը շարունակում է իր ծառայությունը՝ ժամերգություններ են իրականացվում, խաղաղ գոտիներում՝ նաև պատարագներ:
Դավիթ Մկրտչյանն իր խոսքն ամփոփեց խաղաղության մաղթանքով՝ նկատելով. «Այսօր Հայաստանին էլ է դա անհրաժեշտ»: