«Ցանկացած դիվանագետ իր դիվանագիտական դիպլոմը պետք է վառի և ուտի, եթե մասնակցում է  խայտառակությանը». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանն ունի մեծ «պուլտ», որն ունի բազմաթիվ կոճակներ, այդ կոճակներից մեկը միացնում  է Հովիկ Աղազարյանին, մյուսը՝ Էդուարդ Աղաջանյանին, Վահագն Ալեքսանյանին, մյուսն էլ՝ նախկին արտգործնախարար Զոհրաբ  Մնացականյանին։

«Դա մի քիչ ուշացած էր, բայց քանի որ Արցախում ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ ամբողջ դաշտը, հայության ուշադրությունն ուղղված էր դեպի Արցախ, անհրաժեշտ էր ինչ-որ կերպ փոփոխել, շեղել ուշադրությունը և նոր թիրախ ստանալ։ Մնացականյանն իր պաշտոնավարման ժամանակ էլ էր իրեն նույն կերպ պահում, այժմ էլ հլու-հնազանդ պատրաստ է կատարել Փաշինյանի հրահանգները։ Նա տարիներ շարունակ եղել է ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը, հետևաբար՝ արդյունավետ կլիներ, որ նա նամակներ գրեր իր գործընկերներին, երբ Շուշիի հետ կապված՝ ՄԱԿ-ում տեղի ունեցավ այդ խայտառակությունը։ Ցանկացած դիվանագետ իր դիվանագիտական դիպլոմը պետք է վառի և ուտի, եթե մասնակցում է այն խայտառակությանը, որը կոչվում է մյունխենյան սկզբունքներ։ Տարիներ շարունակ չհիշատակեցին, որ սեղանին է Ռուսաստանի կողմից առաջ քաշած փուլային լուծումը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկ Մամիջանյանը։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի շատ հաճախորդներ, իբր թե ընդդիմադիրներ, օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանը, այսօր Հայաստանում փորձում են բարձրացնել հակառուսական այս կամ այն ալիքը։

«Ուզում եմ հիշեցնել, որ փաստացի նոյեմբերի 16-ին, երբ պատերազմ էր ընթանում Սյունիքում, Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող ԱԺ պատգամավորներն իրար հերթ չտալով՝ հակառուսական ելույթներ էին ունենում։ Մինչև հիմա ես՝ լինելով ԱԺ պատգամավոր, չունեմ հստակ պատասխան՝ Հայաստանը նոյեմբերին դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։ Սա չի հասկանում, որ ինքն այլևս ընդդիմադիր խմբագիր չէ, այնտեղ հավաքված մարդիկ չեն էլ հավատում, որ իրենք պատգամավոր են, և արթնանում ու զարմացած ասում են՝ մենք պատգամավոր ենք։ Էդուարդ Աղաջանյանի մանիպուլյացիան ներկայացնեմ, որը գուցե շատերի աչքից վրիպել է, նա ասում էր, թե Փարուխը հայտնվել է  ադրբեջանական զորքերի թիկունքում, լավ ա չի ասում՝ ուղարկել ենք, որ թիկունքում դիվերսիա իրականացնեն։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ կորցնել, հայաթափվել բառերը չօգտագործեն»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։

Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ այս պահին խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն Արցախում է, և այն նյութերի բովանդակությունը, որը փոխանցվում է  Արցախից, հետևյալն է՝ որոնել հարցի պատասխանը միայն Բաքվում՝ սխալ է։

«Տևական ժամանակ է՝ ադրբեջանական զորամիավորումների օպերատիվ կառավարման մի մասն անցել է թուրքական զորքերին։ Այնպես որ, ակնկալել, որ միայն Ռուսաստան-Ադրբեջան երկխոսության արդյունքում հնարավոր կլինի հասնել արդյունքի՝ քաղաքական նաիվություն է»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս