Մենք մեր հաղթանակից վախենում էինք, դրա համար էլ այս օրին ենք. Արկադի Կարապետյան
«Մինչև մենք չհամախմբվենք, ոչ մի լավ բան չի լինելու. եթե դա թվում է՝ ինչ-որ վերացական գաղափար է, այդպես չէ»,- Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանն այսպես արձագանքեց Արցախում վերջին լարվածության մասին մեր հարցադրումներին:
Ռազմական գործիչը համոզված է՝ եթե ուղենիշը ճիշտ է, պետության, հայրենիքի ու հայրենիքի ամեն գյուղի արժեքը ճիշտ կգնահատվի:
«Թե չէ՝ շեղվել ենք, և, օրինակ, մենք մեր հաղթանակից վախենում էինք. դրա համար էլ՝ այս օրին ենք, բայց շատ պարզ էր չէ՞, որ հաղթանակը կարևոր էր, ամեն գյուղ կարևոր է, և այլն։
Եթե այդ հարցերը լուծվեն, Փառուխն էլ է մերը լինելու, Քարագլուխն էլ: Էն, ինչ Աստված մեզ տվել է, մերն է լինելու, իսկ Աստված մեզ շատ է տվել»,-հավելեց նա։
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այս պահին անելիքը միայն ռուս խաղաղապահներինն է, ինչպես հաճախ ներկայացվում է նաև Հայաստանի պաշտոնական շրջանակներից, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարը նշեց. «Կոնկրետ դեպքում Ռուսաստանն ինչ-որ հարց կլուծի, թե չի լուծի, դա զուտ գործընթաց է: Ռուսաստանն այնքանով է լուծելու հարց, կամ ասելու՝ հետ գնացեք, ինչքանով դու պատրաստ ես դրան: Եթե պատրաստ չլինես հետ գնալու, չի ասելու: Ոչ միայն Ռուսաստանը. որևէ մեկը»: