Բաժիններ՝

 Հանրակրթությունը թևակոխում է շատ պատասխանատու և ռիսկային փուլ

Հայաստանի կրթական քաղաքականության վեկտորը փոխվում է։ Խոսքը հատկապես վերաբերում է հանրակրթության ոլորտին։ Նախարարությունը բացահայտ հայտարարում է, որ հանրակրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ։ Այդ խնդիրները բավական ծավալուն ներկայացվում են կրթության զարգացման պետական ծրագրում։ Այս դիրքորոշումը շատ կազմակերպությունների մոտ առաջացնում է համագործակցության ցանկություն։ Երբ նախարարությունը բաց ձևով չի ընդունում իր խնդիրները, կազմակերպությունները պարզապես իրականացնում են սեփական օրակարգով նախատեսված ծրագրերը։

Երբ նախարարությունը հրապարակային խոստովանում է, որ ունենք գրագիտության խնդիրներ, ուսուցիչների պակաս, ցածրորակ կրթություն, շատ կազմակերպություններ սա ընդունում են՝ որպես համագործակցության ուղերձ։

Այս առումով, վերջին շրջանում կրթության ոլորտում էապես ավելացել են ոչ պետական կազմակերպությունների միջամտությունները։ Սա, իհարկե, դրական միտում է, քանի որ նոր գաղափարների, ստեղծագործականության դրսևորման հնարավորություններ են առաջանում։ Բայց այստեղ կարող են առաջանալ նաև խնդիրներ։ Մասնավորապես, նախարարությունից մեծ ջանքեր են պահանջվելու այս ծրագրերը դիտարկելու, դրանց արդյունավետությունը, օգտակարությունը հասկանալու առումներով։ Եթե նախարարության համակարգում գտնվող մասնագետները չկարողանան իրական պատկերը տեսնել, ապա մենք կարող ենք ունենալ քաոս, անարդյունավետ ներդրումներ, փոփոխություններից ու նորամուծություններից էլ ավելի հոգնած ուսուցիչներ, տնօրեններ։ Կրթության ոլորտում շատ դժվար է արդյունավետ փոփոխություններ իրականացնելը։ Պարզապես գաղափարները, նախաձեռնությունները բավարար չեն։

Պետք են թիմեր, որոնք հետևողական և պրոֆեսիոնալ ձևով կկարողանան իրականացնել իրենց գաղափարները։ Ընթացիկ փոփոխությունների վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև COVID-19-ը։ Կրթական տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում շեշտակի մեծանում է։ Առաջիկայում կարելի է ակնկալել, որ մեծանալու է այն կազմակերպությունների թիվը, որոնք իրականացնելու են կրթական ծրագրեր՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ։

2023թ.-ից սկսած նախարարությունը մեծ ազատություններ է տալու դպրոցներին՝ իրենց ուսումնական գործունեությունը պլանավորելու և իրականացնելու գործում։ Դպրոցները հնարավորություն են ստանալու շատ ավելի ճկուն դասացուցակներ ունենալ։ Իսկ ավագ դասարաններում աշակերտներն ունենալու  են անհատական դասացուցակ։ Ընդ որում, նախարարությունը խոստանում է անհատական դասացուցակ ապահովել ոչ միայն ավագ դպրոցներում և աշակերտների մեծ թիվ ունեցող միջնակարգ դպրոցներում, այլև բոլոր դպրոցներում։

Սա բավական մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջելու։ Կա ռիսկ, որ դպրոցներին տրվող ազատությունները կարող են վերածվել անկառավարելի գործընթացների։ Երբ Հայաստանում մարդուն տալիս են կադրային որոշումներ կայացնելու լիազորություն, շատերը մտածում են այն մասին, թե իրենց մերձավորներից ում կարող են աշխատանք առաջարկել։ Այս իմաստով, մեծ ձախողումներ են արձանագրվում դպրոցներում ստեղծվող նոր հաստիքների կապակցությամբ։ Այդ հաստիքները երբեմն տրվում են մերձավորներին, որոնք չունեն բավարար պրոֆեսիոնալիզմ։ Դպրոցներին տրվող բովանդակային ազատությունները նույնպես պետք է կառավարվեն, որպեսզի դրանք արդյունքի բերեն։

Էապես փոխվում է նաև վերապատրաստումների մոտեցումը։ Եթե նախկինում վերապատրաստումներն արվում էին Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից, ապա հիմա այն ազատականացվել է։ Վերապատրաստումներն արվում են կազմակերպությունների ջանքերով։ Այստեղ էլ կարող են առաջ գալ լրջագույն խնդիրներ։ Նախարարության պահանջները շատ մեղմ են, ինչի արդյունքում տասնյակ կազմակերպություններ հնարավորություն են ստանում վերապատրաստումներ անել։ Նախարարությունը հիմա անցում է կատարում մի մոդելի, որի դեպքում պետությունը վստահում է մասնավոր կազմակերպություններին։ Կա տեսակետ, որ մասնավոր ընկերությունները մեծ հաջողությունների են հասնում բիզնեսի և այլ ոլորտներում։ Հետևաբար, եթե կրթության ոլորտում էլ մասնավոր կազմակերպությունների դերը մեծանա, ապա համակարգը կզարգանա։ Այս թեզը մասնագիտական աշխարհում ունի բազմաթիվ ընդդիմախոսներ։ Վերջիններս այն կարծիքի են, որ կրթությունն ու բիզնեսը տարբեր տրամաբանություն ունեն։ Կրթությունը հանրային բարիք է, իսկ բիզնեսը շահույթ ստանալու նպատակ ունի։ Կրթության մեջ ձեռքբերումները պահանջում են տասնամյակներ, բիզնեսում արդյունքը, շահույթը պետք է կարճ ժամանակում լինեն։ Այս ամենից ելնելով՝ աշխարհի շատ երկրներում պետությունն իր ձեռքում է պահում շատ գործառույթներ։ 

Հայաստանի հանրակրթությունը գնում է ազատականացման ուղիով։ Սա ստեղծելու է բազմաթիվ հնարավորություններ։ Բայց եթե պետական կառույցներում աշխատող մասնագետները չկարողանան պատշաճ ձևով մշտադիտարկել, գնահատել ոչ պետական կազմակերպությունների միջամտությունները, ապա մեր կրթական համակարգը կորցնելու է համակարգային զարգացման հնարավորությունները։ Ժամանակին, երբ դպրոցներում ներդրվում էր խորհուրդներով կառավարման համակարգը, նշվում էր, որ ծնողները, ուսուցիչները, համայնքի ներկայացուցիչները համատեղ կարող են ավելի լավ տնօրեններ ընտրել։ Բայց կոռուպցիոն գործընթացները այդպես էլ հնարավորություն չտվեցին, որպեսզի խորհուրդները կայանան ու զարգանան։ Հիմա էլ կա ռիսկ։ Եթե ազատականացման գործընթացում նվազագույնի չհասցվեն անձնական համակրանքները, կոռուպցիոն ռիսկերը, չուժեղացվեն տեղական կարողությունները, ապա կա ռիսկ, որ բարեփոխումները կրկին չեն հասնի դասարաններ։ Հայաստանում, որպես կանոն, պրոֆեսիոնալիզմը ստորադասվում է անձնական կապերին։ Այս փուլում մեզ անհրաժեշտ է համակարգի պրոֆեսիոնալացում, որովհետև մեկ մարդը կամ մարդկանց փոքր խումբը պարզապես չի հասցնի հետևել նման ինտենսիվ զարգացումներին։ Երբ դռներն ու պատուհանները բացում ես, ոտքերի վրա պիտի պինդ կանգնես։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս