Երկրները, որոնք կօգնեն ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները, կենթարկվեն ճնշումների պատժամիջոց սահմանած երկրների կողմից. ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար

«Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև բանակցություններն ընթանում են միշտ, այդ բանակցությունները բարդ են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ ներկայացնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Նա տեղեկացրեց, որ այդ բանակցությունների մասնակիցը չէ, սակայն, որքանով իրեն է հայտնի, կողմերը պայմանավորվել են չհանրայնացնել բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցերը:

Ըստ Ավտոնոմովի՝ Ուկրաինայի համար անձեռնմխելի կարմիր գծեր կան, որոնք հետևյալն են՝ ինքնիշխանություն և Ուկրաինայի տարածքային ամբողջականություն:

«Մենք չենք կարծում, որ որևէ մեկն իրավունք ունի մեզ հրամայել, թե ինչ կուրսով պետք է ընթանա մեր արտաքին քաղաքականությունը, ինչպիսին պետք է լինի պետության ներքին կառուցվածքը և որտեղով պետք է անցնեն մեր սահմանները: Մեր սահմանները համընդհանուր ճանաչված են աշխարհում»,- ասաց ուկրաինացի դիվանագետը:

Նա նաև հաղորդեց, որ պաշտոնական մակարդակում, որը, նրա խոսքով, նեղացել է, ՌԴ-ն շարունակում է պնդել փաստացիորեն այն բանում, որը բարձրաձայնել է մեկ ամիս առաջ՝ դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա, եվրոատլանտյան ինտեգրացիայից հրաժարում Ուկրաինայի սահմանադրությամբ հստակեցված, և Ղրիմի ու Դոնբասի, նրա որակմամբ, պսևդոհանրապետությունների ճանաչում:

«Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինին և խոսել նրա հետ, բայց այս կարմիր գծերը քննարկման առարկա չեն: Եթե վերադառնանք անցյալ, ապա կային Մինսկի համաձայնություններ, որոնք Ռուսաստանը փորձում էր մեկնաբանել իր ձևով՝ սահմանների վերահսկողություն, հատուկ կարգավիճակ, ընտրություններ և այլն: Այսինքն՝ խոսակցություն պետք է, սակայն այն գծերը, որոնք ես բարձրաձայնեցի, չի քննարկվում: 21-րդ դարում որևէ մեկն իրավունք չունի ներխուժել օտար հող և թելադրել սեփական պայմանները»,- մեկնաբանեց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նա այն կարծիքին է, որ ՌԴ-ն փորձելու է ԵԱՏՄ-ի միջոցով շրջանցել արևմտյան պատժամիջոցները:

Դենիս Ավտոնոմովը մեջբերեց ՌԴ կառավարության մի նմանատիպ որոշում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից, որը միտված է թույլ տալ ՌԴ բնակիչներին պահպանել հասանելիությունն արտասահմանյան ապրանքներին:

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ում մեխանիզմների գործադրումը պատժամիջոցների շրջանակում անխուսափելիորեն բերելու է այն երկրների ճնշումներին, որոնք պատժամիջոցներ են սահմանել, այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են կամ օգնելու են Ռուսաստանին շրջանցել այդ պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս