«Պաշտպանության նախարարը թուրքին մեր հողից դուրս է շպրտել, ժամանակ ունի կոկորդիլոսի քարոզով զբաղվե՞լ»․ Վեդիի բնակիչ
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այս կիրակի նախատեսված ՏԻՄ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել։ Այս կիրակի՝ մարտի 27-ին, Վեդի խոշորացված համայնքը կընտրի համայնքի ղեկավար։ Մարտի 27-ին համայնքի բնակչությունը կընտրի ավագանի, որն էլ հետագայում՝ համայնքի ղեկավար:
Ընտրապայքարի են դուրս եկել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Մարտի 2-ից մեկնարկած քարոզարշավի առաջին օրերն անցնում էին հանգիստ, առանց որևէ լարվածության, վերջին օրերին ՔՊ-ի Վեդիի համայնքապետի թեկնածու, հանրության բնորոշմամբ և հանրությանն առավել հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը սկսեց դիմել ամենատարբեր քայլերի, միայն թե կարողանա այս անգամ հաղթել: Դեկտեմբերի 5-ին իրենցից շուրջ 1000 ձայն ավելի էր ստացել «Իմ հզոր համայնք» կուսակցությանը։
Սարգսյան Գարիկին այս հարցում օգնության են հասել թիմակիցները՝ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար, Արարատի մարզպետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար և, իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանից անմիջապես հետո նշված կազմը շտապել էր Վեդի՝ համայնքի մշակույթի տուն՝ իրենց թիմակցի քարոզարշավին ներկա լինելու և բնակիչներին տարբեր խոսոտւմներ տալու։
Վեդիի բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ, եթե մյուս պաշտոնյաների այնտեղ ժամանելն ինչ-որ տեղ տրամաբանական էր, ապա Պաշտպանության նախարարի մասնակցությունը քարոզարշավին՝ անհասկանալի: Թեև հարկ է նշել, որ Պապիկյանը նաև կուսակցության ղեկավար կազմում է․
«Պապիկյան Սուրենը տեղյակ չէ՞, որ թուրքը մեր երկրում է, որ զորամասերում մահվան ելքով տարբեր դեպքեր են գրանցվում, լրիվ հարցերը լուծել է, հիմա էլ կոկորդիլոսի քարո՞զն է անում։ Ամո՛թ․․․ Պաշտպանության նախարարը թուրքին մեր հողից դուրս է շպրտել, ժամանակ ունի կոկորդիլոսի քարոզով զբաղվե՞լ»։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։
Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։
Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։
Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։
2022 թվականի հունվարի 10-ին ԿԸՀ-ն Արարատի մարզի Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակեց 2022 թվականի մարտի 27-ը։
Նշենք նաև, որ 2022 թվականի հունվարի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։