«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և ստեղծում է մարտադաշտի համար կարևոր հենակետեր». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի թիվ մեկ նպատակն Արցախը հայաթափելն է, իսկ դրա համար Ադրբեջանն օգտագործում է տարբեր միջոցներ:
«Արցախը հայաթափելով՝ իրենք կլուծեն Արցախի հարցը: Այս պահին որոշակի կապ տեսնում եմ ռուս-ուկրաինական պատերազմի հետ, քանի որ որքան երկարեց ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան Արցախում ակտիվացավ թշնամին: Ադրբեջանը փորձելու է օգտվել Ռուսաստանի զբաղվածությունից և այստեղ իր գործողություններն իրականացնել, իր պայմանները թելադրել խաղաղապահ ուժերին, որպեսզի իր պայմաններով գործեն: Սակայն, վաղ թե ուշ, ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո անպայմանորեն այստեղ Ռուսաստանն իր դիրքորոշումն արտահայտելու է՝ կապված խաղաղապահների արժեզրկման այս գործընթացների հետ: Վերջիվերջո, սա նաև խաղաղապահների գործունեությունը արժեզրկելուն միտված քայլ է, որովհետև 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում ասվում էր, որ Արցախում ապրողների անվտանգությունը երաշխավորում են ռուս խաղաղապահները: Տվյալ դեպքում, ստացվում է, որ երաշխավորված չէ այնտեղ ապրող խաղաղ բնակչության անվտանգությունը: Այնպես որ, այս փուլում՝ այսպես, բայց հաջորդ փուլում թշնամին հաստատ գնալու է խոշոր զիջումների»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը չի դադարեցրել ռազմական գործողությունները. «Ադրբեջանը տարբեր ռազմական ոտնձգություններ իրականացրել է, բայց լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախում, ճիշտն ասած՝ ես հավանական չեմ համարում, որովհետև, վերջիվերջո, դա կլինի ինքնաոչնչացում Ադրբեջանի համար, քանի որ կստացվի, որ արհամարհում է Ռուսաստանին և գնում քայլերի, որոնք չեն բխում Ռուսաստանի շահերից: Ռազմական գործողություններ կամ սադրանքներ կարելի է սպասել ՀՀ սահմաններին՝ եղանակային տաքացումներին զուգընթաց: Ընդհանրապես, ի՞նչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը. Անընդհատ նոր դիրքեր է դնում, առաջ է գալիս, և այս ֆոնի վրա փորձելու է գնալ ռազմական սրման»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս փուլում ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ Սյունիքը տեսնի իր բռի մեջ. «Այսինքն՝ ստեղծում է մարտադաշտի համար կարևոր հենակետեր, որտեղից ինքը կկարողանա մարտ վարել: Ադրբեջանի վարած քաղաքականությունը բերում է նրան, որ համոզվենք, որ իրականում նրանք պատրաստվում են պատերազմի: Այդ բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա իրենց վերահսկողությունը սահմանելով հանդերձ՝ Ադրբեջանը ստիպելու է մեզ՝ կամ տալ միջանցք՝ իրավական հստակեցումներով, կամ գնալու է ռազմական ճանապարհով՝ տիրանալու այդ միջանցքին»:
Հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանը՝ խաղաղության, սա ինչպե՞ս հասկանալ, նա պատասխանեց. «Չեմ կարող բացատրել: Ընդհանրապես, պատմության մեջ նման բան գոյություն չունի, երբ հրադադարի պայմանագիր ստորագրած կողմերից մեկը ասի՝ ես պատրաստվում եմ խաղաղության, բայց մյուս կողմն անընդհատ հիշեցնի, որ ինքը պատրաստվում է պատերազմի: Պատմության մեջ նման դրվագ չկա, նման պետություն գոյություն չունի, որ այդ ճանապարհով է գնացել: Մենք խաղաղության պատրաստվելով՝ Ադրբեջանին խաղաղություն չենք պարտադրում, հակառակը՝ ցույց ենք տալիս, որ քանի որ մենք պարտված կողմ ենք, պատրաստ ենք ձեր առաջ քաշած բոլոր կետերը քննարկել, բայց իրականում, Ադրբեջանը, հնարավոր է՝ մեկ ժամով գա քննարկման, քննարկումից դուրս գա և պատերազմ սկսի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում