Ի՞նչ է արյան քաղցկեղը, արդյո՞ք այն բուժվում է Հայաստանում. Գերմանիայում աշխատող հայազգի բժիշկ Տարոն Սարիբեկյանը պարզաբանում է

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնագիտական գործունեություն ծավալող բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանի հետ.

– Բժիշկ, կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ բավականին տարածվեց նաև, այսպես կոչված, արյունը ջրիկացնող դեղորայքի ընդունումը, մարդիկ նույնիսկ առանց բժշկի հետ խորհրդակցելու էին նման դեղեր խմում: Արդյո՞ք դա կարելի է, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ:

– Հակակոագուլյանտների կամ, այսպես ասած՝ արյունը ջրիկացնող դեղերի ընդունումը պետք է ունենա հստակ ցուցում, այսինքն՝ պետք է լինեն այնպիսի հիվանդություններ, որոնց ժամանակ ցուցված է հակամակարդիչների օգտագործումը: COVID-19-ն այն հիվանդությունը չէ, որի ժամանակ պետք է անպայման ընդունել հակակոագուլյանտներ: Ուրիշ բան, երբ հիվանդությունը ծանր փուլում է, հիվանդները գամված են լինում անկողնուն, արհեստական շնչառության կարիք ունեն, այդ դեպքում պրոֆիլակտիկ կատարվում է անտիկոագուլյացիա կամ արյան ջրիկացում, որպեսզի հիվանդների մոտ չառաջանան մակարդուկներ:

– Ո՞ր հիվանդությունների դեպքում են ցուցված հակամակարդիչները:

– Հիվանդությունները շատ են, դրանք հիմնականում կապված են անոթային հիվանդությունների հետ, անոթների նեղացման հետ, օրինակ՝ սրտի կորոնար հիվանդության դեպքում անպայման պետք է ընդունել «Ասպիրին» կամ «Կարդիոմագնիլ», որպեսզի թրոմբոցիտների ագրեգացիա չգնա: Նմանատիպ հիվանդություններից է նաև շողացող առիթմիան, որի ժամանակ սրտի նախասրտերը կծկվում են շատ անկանոն, և դա բարձրացնում է թրոմբառաջացման, համապատասխանաբար նաև՝ ինսուլտի առաջացման ռիսկը: Նաև այլ զարկերակային պաթոլոգիաներ, որոնց ժամանակ օրգանիզմի տարբեր հատվածներում գտնվող զարկերակները նեղացած են:

– Այլ պարագաներում այդպիսի դեղորայք ընդունելու դեպքում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ մարդու մոտ:

– Հիմնական խնդիրները, որ կարող են առաջացնել հակամակարդիչները, արյունահոսություններն են, այսինքն՝ կարող են առաջ գալ տարբեր արյունահոսություններ՝ աղեստամոքսային տրակտում, միզասեռական տրակտում, մարմնի տարբեր այլ հատվածներում և, բնականաբար, վնասվածքների ժամանակ:

– Հայաստանում տարածված մյուս միջոցը բազուկի կամ բալի տարբերակն է, ասում են, որ այդպիսով արյունը մաքրում են, դա ապացուցվա՞ծ է:

– Սննդով կարելի է ինչ-որ չափով կարգավորել արյան նորմալ շրջանառությունը: Դրանք հիմնականում կարմիր հատապտուղներն են, օրինակ՝ հաղարջ, ազնվամորի, նուռ, ցիտրուսները, կոճապղպեղը և այլն: Այս ամենը նպաստում են, որ արյունը նորմալ շրջանառվի օրգանիզմում: Բայց որպես հակաթրոմբոցիտ միջոցներ, իհարկե, դրանք բավարար չեն: Եթե օրգանիզմը հակված է թրոմբներ առաջացնելուն, ապա պետք է անպայման միջամտել դեղորայքով:

– Ի՞նչ է արյան քաղցկեղը կամ լեյկոզը, ինչպե՞ս է այն առաջանում:

– Շատ ցավալի թեմա է արյան քաղցկեղը Հայաստանում, ինչ-որ առումով նաև՝ տաբու, որովհետև մարդիկ խուսափում են դրա մասին խոսել, վախենում են դրանից: Իրականում շատ կարևոր է արյան քաղցկեղը ճիշտ ժամանակին հայտնաբերելը: Ինչքան շուտ է հայտնաբերվում արյան քաղցկեղը, այնքան մեծ են այն հիմնովին բուժելու շանսերը: Արյան քաղցկեղի ժամանակ արյունաստեղծ օրգաններում, մասնավորապես՝ ոսկրածուծում, տեղի է ունենում անհաս բջիջների՝ բլաստերի անկառավարելի աճ, և ֆունկցիոնալ առումով ոչ պիտանի այդ բջիջներն անցնում են ծայրամասային արյուն, և չեն կարողանում իրականացնել արյան բնականոն ֆունկցիան:

– Ինչպե՞ս է այն արտահայտվում, ի՞նչ նախանշաններ կան, մարդը ի՞նչ իմանա, երբ պետք է դիմել բժշկի:

– Հիմնականում, այն սիմպտոմները, որոնք աչքի են զարնում և կարող են նախանշան հանդիսանալ, որպեսզի մարդն ավելի զգոն լինի, արյունահոսություններն են, մարմնի տարբեր հատվածներում կապտուկների, փոքրիկ բծերի առաջացումը, որոնք նորմալ չեն, արյունահոսություն՝ քթից, երբեմն՝ բերանից, ականջներից: Կարող են մեծանալ լիմֆատիկ հանգույցները, երբ հիվանդները, այսպես ասած՝ գնդեր են շոշափում իրենց պարանոցին, փոքրիկները գանգատվում են նաև ոսկրային ցավերից, դառնում են ավելի պասիվ, ոչ շարժունակ: Կան նաև այլ նշաններ, որոնք արտահայտված չեն, և մարդիկ, որոնք տեղյակ չեն բժշկությունից, չեն կարող դրանք հասկանալ:

– Դուք ասացիք, որ վաղ հայտնաբերելու դեպքում բուժման հավանականությունը մեծանում է, այսինքն՝ սա բուժելի՞ հիվանդություն է:

– Այս հարցը շատ մանրակրկիտ պատասխան է ենթադրում, քանի որ դա կախված է տարիքային խմբից, արյան քաղցկեղի տեսակից, որովհետև ունենք բազմաթիվ ենթատեսակներ, դա կախված է սեռից: Արյան քաղցկեղի որոշ տեսակներ հնարավոր է ամբողջովին բուժել, այլ դեպքերում հնարավոր է հասնել ռեմիսիայի, այսինքն՝ այնպիսի փուլի, երբ հիվանդությունը որոշ ժամանակ դադար է առնում, բայց կրկնման հավանականությունն առկա է:

– Իսկ բուժման մեթոդները տարբե՞ր են Հայաստանում և Գերմանիայում:

– Իրականում բուժման մեթոդները տարբեր չեն, Հայաստանում էլ են առաջնորդվում արդի պրոտոկոլներով, որոնք տարեցտարի թարմացվում են, սակայն հնարավորությունների հարցն է: Օրինակ՝ նույն աուտոլոգ տրանսպլանտացիան այսօր Հայաստանում կատարվում է, բայց ալոգեն տրանսպլանտացիա, այսինքն՝ այլ դոնորից այս ռեցիպիենտին, ցավոք, այսօր դեռևս չի իրականացվում, իսկ Գերմանիայում դա իրականացվում է: Որոշ դեպքերում մարդիկ մտածում են, որ Գերմանիայում ավելի արդի է բուժումը:

– Դրա համար են մարդիկ որոշ դեպքերում շտապում Գերմանիա:

– Որոշ դեպքերում՝ այո, մարդիկ մտածում են, որ Գերմանիայում ավելի արդիական է բուժումը: Բուժումը ենթադրում է կոմպլեքս բուժում, այսինքն՝ ոչ միայն դեղեր, այլև հոգեբանական աջակցություն, սոցիալական աջակցություն, որը Գերմանիայում շատ լավ է կազմակերպված: Հայաստանում դա կապված է մեծ գումարների հետ:

– Բուժումը ինչպե՞ս է կատարվում:

– Բուժումն իրականացվում է քիմիոպրեպարատների միջոցով, եթե կայուն արդյունք է գրանցվում, հիանալի է, իսկ վերջնական բուժման տարբերակը ոսկրածուծի փոխպատվաստումն է, որը համարվում է հիմնովին բուժման երաշխիք:

– Իսկ ինչի՞ց է առաջանում արյան քաղցկեղը:

-Արյան քաղցկեղը բազմագործոնային է, այսինքն՝ միայն մեկ գործոնով չէ պայմանավորված: Դրա առաջացման մեջ շատ մեծ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, այսինքն՝ օրգանիզմի հակվածությունն այդ հիվանդությանը, նաև՝ քիմիական գործոններ, քիմիական նյութեր, ճառագայթում, որոշ վիրուսային հիվանդություններ և որոշ դեղորայք: Այսինքն՝ այս բոլոր գործոնների համատեքստում առաջանում է այդ հիվանդությունը:

– Իսկ ո՞ր վիրուսային հիվանդությունների դեպքում առաջանում արյան քաղցկեղ:

– Մենք հիվանդների մոտ միշտ ստուգում ենք Էփշտեյն-բար վիրուսի, կոքսակի վիրուսի առկայությունը, տարած հեպատիտները կարող են օրգանիզմը հակել դեպի արյան քաղցկեղը:

– Տարատեսակ արյունաբանական հիվանդություններից զերծ մնալու համար ի՞նչ խորհուրդներ կտաք մարդկանց:

– Եթե օրգանիզմը հակված է հիվանդությանը, եթե օրգանիզմում կա մուտացիա, ապա, ցավոք սրտի, կանխարգելելը բարդ է, շատ կարևոր է այն ժամանակին հայտնաբերել, դրա համար անպայման խորհուրդ եմ տալիս մեր ազգաբնակչությանը, որպեսզի պարբերաբար դիմեն պոլիկլինիկաների իրենց բժիշկներին և անցնեն արյան ընդհանուր քննություն: Որևիցե գանգատի ի հայտ գալու դեպքում, ինչպես արդեն նշեցի՝ կապտուկներ, փոքրիկ բծեր՝ մաշկի վրա, մեծացած ավշային հանգույցները, իմունիտետի թուլանալը և շատ հաճախ ինֆեկցիաների հակվածությունը, նմանատիպ դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի կատարվեն այն մինիմալ հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են, մասնավորապես՝ արյան ընդհանուր քննությունը կարող է մեծ պատկերացում տալ:

Իսկ ինչ վերաբերում է արյան մնացած հիվանդություններին, մասնավորապես՝ մակարդելիության խանգարումներին, երբ որ կան արյունահոսություններ մարմնի տարբեր հատվածներից, որոնք իրականում նախկինում չեն եղել, և տարօրինակ են մարդկանց համար, նմանատիպ դեպքերում անպայման պետք է դիմել, որպեսզի կատարվի մակարդելիության հետ կապված արյան հետազոտություններ, որպեսզի հասկանանք՝ կոնկրետ ինչի հետ գործ ունենք:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս