Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքը շրջանցո՞ւմ է Հայաստանը. Մասնագետն ահազանգում է էներգետիկ անվտանգության համակարգին սպառնացող ռիսկերի մասին
Ռուսաստանն ու Իրանը քննարկել են Ադրբեջանի հետ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքում աշխատանքի հեռանկարները:
«Հանդիպմանը, մասնավորապես, արծարծվել են Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման հեռանկարները»,- ասված է ՌԴ կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Ասել է թե՝ Հայաստանը կրկին «խաղից դուրս է»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով թեմային՝ մասնավորապես նշել էր.
«Այսպիսով, 2018-ից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական էներգետիկ քաղաքականությունն արդեն այսօր շոշափելի արդյունքների է բերում:
Ինչ խոսք, շոշափելի արդյունքների է բերում նաև հայաստանյան պսևդո-իշխանությունների կողմից որդեգրված հակաիրանական քաղաքականությունը՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար: Ու այդ նույն պսևդո-իշխանությունների կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ժամկետները մինչև 2024թ. տեղափոխելն այդ դավադիր քաղաքականության ուղիղ դրևորումներից է:
Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է, այժմ արդեն՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով»:
168.am-ի հետ զրույցում Վ․ Դավթյանը մանրամասնեց՝ հիշեցնելով, որ դեռևս 2016թ. նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին միջպետական պայմանագիր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ. «Հայաստանը մշտապես դիտվում էր Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շահառու, և սա էր պատճառը, որ 2016 թվականին Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը միջպետական պայմանագիր կնքեցին էլեկտրաէներգետիկ միջանցք ձևավորելու և էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու, փոխադարձ հոսքեր ապահովելու համար:
Այս մեգանախագծի շրջանակներում որպես շատ կարևոր հանգույց՝ դիտարկվում էր (առ այսօր էլ զուտ ֆորմալ առումով դիտարկվում է) Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծը, որը պետք է կյանքի կոչված լիներ 2019 թ. ձմռանը, սակայն դա տեղի չունեցավ, հետո հայտարարվեց 2021թ․ ավարտի մասին, այժմ արդեն հայտարարում են 2024թ․ մասին: Իսկ այս ամենին զուգահեռ՝ մենք տեսնում ենք՝ ինչպես է Բաքուն Թեհրանի հետ խորքային բանակցություններ տանում այդ նույն կոմունիկացիան իր ենթակառուցվածքներով անցկացնելու համար:
Եվ երեկ՝ նախարարների հանդիպման ժամանակ, արդեն վերջնականապես խոսվեց այն մասին, որ Իրանի և ՌԴ էներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան տեղի է ունենալու հենց Ադրբեջանի տարածքով. սա արձանագրումն է այն բանի, որ Հայաստանը դեֆակտո դուրս է մնում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքից: Սա իր հերթին՝ շատ լուրջ ռիսկեր է ստեղծելու մեր ամբողջ էներգետիկ անվտանգության համակարգի համար՝ իր ուղիղ արտահայտումն ունենալով նաև սակագների բարձրացման տեսքով»:
Սակագների հնարավոր բարձրացման մասին իր դիտարկումը փորձագետը պարզաբանեց՝ նկատելով, որ հենց Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ օդային գծի նախագծի ձախողման պատճառով է երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, կուտակել պարտքեր:
«Հնարավոր չէր և նպատակահարմար չէր շահագործել նմանատիպ խոշոր գեներացիոն օբյեկտ այն պայմաններում, երբ չունես արտահանման լուրջ հնարավորություններ:
Օբյեկտը կուտակեց շուրջ 100 միլիոն դոլարի պարտք, և այսօր կառավարության որոշմամբ՝ տարեկան 32 միլիոն դոլար փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ այդ կորուստները փոխհատուցելու նպատակով, և դրան գումարած՝ նաև երկրորդ տարին անընդմեջ բարձրանում է բնական գազի սակագինը, ինչն էլ իր հերթին՝ անդրադառնում է էլեկտրաէներգիայի սակագների վրա:
Այսինքն՝ թվում է, թե սա մեծ գեոտնտեսական սխեմա է, որի մասին խոսում ենք, բայց պարզ է, որ այն իր ուղիղ ազդեցությունն է ունենում նաև ներքին շուկայի և սակագնային կարգավորման խնդիրների վրա»,- հավելեց Վահե Դավթյանը:
Մասնագետը շեշտեց նաև, որ Հայաստանը ոչ միայն դուրս է մղվում Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքից, այլև առհասարակ Հյուսիս–Հարավ ռազմավարությունից, քանի որ նույն պատկերն է նաև տրանսպորտային հաղորդակցությունների առումով: