«Ափսոս է ծրագիրը…». Տարոն Մարգարյանը՝ Գնել Սանոսյանին: «Կփորձենք ուշադիր լինել». Սանոսյանը՝ Մարգարյանին

Այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումն էրԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկման ընթացքում մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարց ուղղեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ Երևանում վարկային ծրագրով նախատեսված է եղել աղբավայրի կառուցում, աղբի վերամշակում․ ի՞նչ փուլի է հասել գործընթացը։

«Մոտ 24 միլիոն եվրոյի վարկային ծրագիր է, մինչև այսօր արդյունքներ չկան»,-ասաց Տարոն Մարգարյանը։
Գնել Սանոսյանը հաստատեց՝ այո, նման ծրագիր կա, մոտ 26 միլիոնի. 16 միլիոնը վարկ է, 10-ը՝ դրամաշնորհ։

«Հետևյալ խնդիրն ունենք՝ այս ծրագրով փակել Նուբարաշենի գործող աղբավայրը և Աջափնյակի գործող աղբավայրը։ Աջափնյակում ինչ-որ հին աղբավայր կա, որի մասին ավելի լավ դուք երևի կասեք, բայց ծրագրի մեջ նշված է։ Նոր աղբավայրի կառուցման աշխատանքը հիմա նախագծման փուլում է։ Մրցույթը հայտարարվել է, կան գնային առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են։ Ցավոք, դանդաղ գործընթաց է, բայց կարծես թե հասել ենք այն փուլին, որ ընկերություն ընտրենք»,-պատասխանեց Սանոսյանը:

Տարոն Մարգարյանը, ի պատասխան,հավելեց, որ աղբավայր ունենալը Երևանի համար ռազմավարական նշանակության խնդիր է:

«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների համար դա առաջնային խնդիր է։ Կխնդրեի հետևողական լինել այդ ծրագրին, որովհետև չորս տարի է՝ ոչ մի բան չի արվել, բայց վարկը վերցրել ենք դեռեւս 2016թ․-ից։ Մրցութային ողջ փաթեթը պատրաստ էր, պետք է ընդամենը դա կյանքի կոչել։ Իսկ Աջափնյակում փակ աղբավայր կա, շինարարական աղբավայր է դարձել, բայց այս ծրագիրը դրա հետ կապ չունի, թեև մարդիկ դժգոհում են այդ աղբավայրից։ Երևանում պետք է բավարարվել մեկ աղբավայրով, լրացուցիչ աղբավայրեր չպետք է լինեն։ Աղբի վերամշակման գործարան պարտադիր պետք է լինի։

Փաթեթում նշված էր, որ հաղթող ըներությունը պետք է 5 տարի ժամկետով աղբի վերամշակում աներ։ Ափսոս է»,-նշեց Տարոն Մարգարյանը:

Գնել Սանոսյանը կիսեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտահոգությունը․

«Կփորձենք ուշադիր լինել։ Մենք նկատի ենք ունեցել, որ Երևանում նման աղբավայր ունենալու դեպքում մասնակի կսպասարկվի նաև Արմավիրի մարզը»,-նկատեց նա:

Տարոն Մարգարյանի խոսքով՝ կառավարության ծրագրում և քաղաքապետարանի կողմից անընդհատ խոսվում էր մետրոյի կայարանների ավելացման մասին։ հետաքրքրվեց՝ ո՞ր փուլում ենք։

«Նախորդ տարի նախագծային մրցույթ էր հայտարարվել։ Նախահաշիվ եղե՞լ է, որ նոր մրցույթ էր հայտարարվել»,-հարցրեց նա:

Գնել Սանոսյանն արձագանքեց՝ պատրաստ չէ հարցին պատասխանել:
«Ես էլ գիտեմ, որ մրցույթ էր հայտարարվել։ Չգիտեմ, թե ուր են հասել»,-եզրափակեց Գ. Սանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս